Անգկոր Վատ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ > 2020
  Անգկոր Վատ 

 Անգկոր Վատ – աշխարհի ամենամեծ կրոնական կառույցը

 Կամբոջա այցելած զբոսաշրջիկների համար, հինդուսական այս համալիրը հանդիսանում է ամենագլխավոր տեսարժան վայրերից մեկը։
Անվանումը թարգմանաբար նշանակում է «Տաճարի քաղաք»։




 Այն Ասիայում հինդուսական հնագույն ճարտարապետության ամենավառ և նշանակալի օրինակներից մեկն է, և նվիրված էր Վիշնու աստծուն, սակայն աստիճանաբար այն փոխակերպվել է բուդդիստական տաճարի։ Ներկայումս այն հանդիսանում է աշխարհի ամենամեծ կրոնական կառույցը և աշխարհի հնագիտական կարևորագույն հուշարձաններից մեկը:

 Անգկոր Վատը գտնվում է է Սիեմրեապ քաղաքից 5,5 կմ դեպի հյուսիս։ Տաճարի կառուցումը սկսվել է 12-րդ դարի առաջին կեսին։ Այն բաղկացած է երեք համակենտրոն ուղղանկյուն կառույցներից։ Ներքին կառույցն ունի ջրաշուշանի կառուցվածքով հինգ աշտարակներ, որոնց կենտրոնական աշտարակի բարձրությունը 42 մետր է։ Իսկ արտաքին պարսպի երկարությունը 1024 մետր է, լայնությունը 802 մ, բարձրությունը 4,5 մետր։

 Ընդհանուր համալիրը զբաղեցնում է մոտ 162․6 հեկտար տարածք:




 Տաճար այցելած առաջին եվրոպացին՝ պորտուգալացի վանական Անտոնիո դա Մադալենան էր, որը այստեղ է եղել 1586 թվականին, որակելով տաճարը՝ «արտասովոր կառույց, որ հնարավոր չէ նկարագրել գրչով, և այն նման չէ աշխարհի որևէ այլ շինության»։ 19-րդ դարի կեսին, ֆրանսիացի բնագետ և հետազոտող Անրի Մուոի ճամփորդական գրառումների շնորհիվ, տաճարը հանրաճանաչ դարձավ Եվրոպայում։

 Կամբոջայում գտնվող ինչպես մյուս հնագույն տաճարները, Անգկոր Վատը նույնպես բավականին վնասներ է կրել, սակայն համեմատած մյուս տաճարների պահպանված և վերականգնված է։




 Տաճարի վերականգնման աշխատանքները սկսվել են 1908 թվականին, ֆրանսիական մի կազմակերպության կողմից, երբ հիմնականում հեռացվեցին կուտակված հողն ու բուսականությունը։ Ւսկ տաճարի վերականգման աշխատանքների մեծ մասը իրականացվեց 1960-ական թվերին, ապա մոտ մեկ տասնամյակ ընդհատվելուց հետո նորից շարունակվեց։

 1992 թվականին համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և այդ ժամանակներից սկսած դարձել է զբոսաշրջային խոշոր կենտրոն, ուր այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ և այցելուներ։

 Տաճարը Կամբոջայի խորհրդանիշներից է։ Այն պատկերված Կամբոջայի ազգային դրոշի վրա և հանդիսանում է ազգային հպարտության խորհրդանիշ։

 
Back to content | Back to main menu