Որտեղից են առաջացել նահանգների անվանումները - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Որտեղից են առաջացել նահանգների անվանումները

                                                                                     

ԱՄՆ 50 նահանգների անվանումներից 11 ունեն անգլիական ծագում, որից 3-ը տեղանուն են, 8-ը անձնանուն: Հնդկացիական կամ տեղաբնակների լեզվով ծագում ունեն 28 նահանգների անվանումներ, 1 նահանգ ունի հոլանդական ծագում, 1 նահանգի անվանում առաջացել է սխալի արդյունքով, 1 նահանգ ազգանուն է, 1 նահանգ ունի լատինական, 4 նահանգ ունեն իսպանական և 3 նահանգ ֆրանսիական ծագում:


1. Ալաբամա (Alabama)– անվանումը կապված է ֆրանսիացի առաջին վերաբնակիչների յուրացրած մի բառի հետ, որը բացատրվում է երկու ձևով: Բացատրություններից մեկի համաձայն նշանակում է “ճեղքեցի անցա թավուտի միջով”, որը վերաբերվում էր այն հնդկացի ցեղին, որը գետինը մաքրել էր հողագործության համար, մյուս բացատրությունը հետևյալն է -“մենք մնում ենք այստեղ”:

2. Ալյասկա (Alaska)–ալեուտերեն բացատրվում է որպես alakh-sakh կամ ala-skh-a “կետի տեղ, առատ կետ”: Սկզբնապես այն վերաբերվում էր կղզիներից մեկին, ապա ծովեզրի մի մասին, իսկ XIXդ. կեսերից տարածվեց ամբողջ թերակղզու վրա:

3. Այդահո (Idaho) –անվանումը ունի հնդկացիական ծագում: Ենթադրվում է, որ առաջացել է գորտնուկազգիների ընտանիքին պատկանող մի ծաղկի անունից: Ոմանք էլ գտնում են, որ այն նշանակում է “սաղմոններ լափողներ” կամ “լեռների թանկագին քար”`լեռներում եղած ոսկու և արծաթի պատճառով:

4. Այովա (Iowa)– անվանումը ստացել է Միսսիսիպիի վտակ` Այովա գետի անունից, որն ունի հնդկացիական ծագում: Ենթադրվում է, որ այն առաջացել է սիու լեզվի “օրորող” նշանակող բառից, ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է այստեղ ապրած հնդկացիական ցեղին, հարևան դակոտա ցեղի կողմից տրված` “քնածներ”` այսինքն “ծույլեր” անունից:

5. Արևմտյան Վիրջինիա (West Virginia) – մինչև 1861-65 թթ. Քաղաքացիական պատերազմը եղել է Վիրջինիա նահանգի մի մասը, բայց քանի որ, նահանգի կառավարությունը պաշտպանում էր ստրկատիրական Հարավին, Հյուսիսի կողմնակիցները 1863 թվին անջատվեցին և ստեղծեցին առանձին նահանգ` այն անվանելով Կանաուա` նույնանուն գետի անվանումով: Ավելի ուշ այն վերանվանվեց Արևմտյան Վիրջինիա:

6. Արիզոնա (Arizona)– ունի հնդկացիական ծագում: Առաջացել է ari –“փոքր” և zon -“աղբյուր” բառերից`, այսինքն նշանակում է “սակավաջուր երկիր”: Նահանգի տարածքի մեծ մասը զբաղեցնում են անապատները:

7. Արկանզաս (Arkanzas)–առաջացել է հնդկացիական լեզուների Akenzea անունից, որի սկզբնական նշանակությունը անհայտ է: Անվանումը ստացել է համանուն գետից:

8. 9. Դակոտա –Հյուսիսային և Հարավային (Nort and South Dakota): Դակոտա անվանումը առաջացել է դակոտա հնդկացիական ցեղի անունից, որոնք ապրել են այդ տարածքներում մինչև
եվրոպացիների գալը: Օմահա լեզվով դակոտա նշանակում է “դաշնակիցներ”: Այստեղ գոյություն է ունեցել յոթ ցեղերի միություն: 1889 թվին այդ տերիտորիայում ստեղծվեցին համանուն նահանգները:

10. Դելավեր (Delaware) – անվանումը ստացել է այդ տարածքում, մինչև եվրոպացիների հայտնվելը XVII դ. բնակվող դելավեր ցեղի անունից:

11. Թենեսսի (Tennessee) – անվանումը ստացել է Թեննեսսի գետից: Հնդկացիական տարբեր լեզուներով ունի երկու բացատրություն: Ըստ դրանցից մեկի, այն եղել է հնդկացիական մի ցեղի մականունը, որը նշանակել է “ծուռտիկ ականջներ”, ըստ մյուսի` եղել է հասարակ անուն և նշանակել է “գետ”:

12. Իլինոյս (Illinois)– անվանումը ստացել է Միսսիսիպիի ձախ վտակ` Իլինոյս գետի անունից: Գետն իր հերթին, իր անվանումը ստացել է մինչև 1673 թվին ֆրանսիացիների կողմից այդ տերիտորիան նվաճելը, այստեղ ապրող իլլինոյս հնդկացիական ցեղի անունից: Ալգոնիկյան լեզուներից մեկով ցեղանունը նշանակել է “մարդիկ, տղամարդիկ, ռազմիկներ”:

13. Ինդիանա (Indiana)-XVII դ. ֆրանսիացիները այստեղ բնակավայր են ստեղծել: Նրանք իրենց գաղութացրած հնդկացիաբնակ տարածությունները 1702 թվին անվանել են Indiana, այսինքն ”հնդկացիների երկիր”: 1816 թվին այդ տերիտորիայի մի մասում կազմավորվեց նահանգ, որը պաշտոնապես կոչվեց Ինդիանա, թեև հնդկացիները այդտեղից դուրս էին քշվել կամ բնաջնջվել:

14. Լուիզիանա (Louisiana)- XVII դ. վերջից մինչև XIXդ. սկիզբը Լուիզիանա էր կոչվում Միսսիսիպի գետի ավազանի ընդարձակ տարածքը, որի զգալի մասը գաղութացրել էր Ֆրանսիան: Այդ տարածքը 1682 թվին ֆրանսիացի ճանապարհորդ Ռոբեր Կավելիե դե լա Սալը ի պատիվ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14–ի (ֆրանսերեն- Louis) անվանեց Louisiana : Ներկայիս նահանգը գրավում է այդ ընդարձակ տարածքի մի փոքրիկ մասը:

15. Քալիֆորնիա (California)- կոչվել է համանուն թերակղզու անունով, իսկ վերջինիս անվանումը առաջացել է իսպաներեն caliente fornalla-“տաք հնոց (փուռ)” արտահայտությունից: Անվանման իմաստը կայանում է նրանում, որ ամռանը այստեղ անտանելի շոգ է լինում, որի արդյունքում “հողը արևից շիկացած” է երևում:

16. Կանզաս (Kansas) – անվանվել է Կանզաս գետի անունով: Անվանումը առաջացել է կանզաս հնդկացիական ցեղի անունից: Ցեղանունը ստուգաբանվում է որպես “հարավային քամի”, այսինքն հարավային քամու կողմում ապրող ցեղ:

17. Կոլորադո (Colorado) -կոչվել է համանուն գետի անունով: Իսպաներեն colorado-նշանակում է “կարմիր ներկված”: Այդպիսի գույն ունի կանիոնների ողողահարվող կավերից գետի ջրի ստացած կարմրավուն երանգը:

18. 19. Կարոլինա Հարավային և Հյուսիսային (Soutern and Northern Carolina): Այս նահանգների տերիտորիան Կարոլինա է անվանվել 1629 թվին, ի` պատիվ Անգլիայի թագավոր Կարլոս Առաջինի (թագավորել է 1625-49թթ): Հյուսիսային և Հարավային Կարոլինաների են բաժանվել 1665 թվին:

20. Հավայներ (Hawai)– կոչվել է Հավայի կղզու անունով, որը հավայի լեզվով նշանակում է “աստվածների տեղ” և կապված է կղզում գտնվող Մաունա Կեա և Մաունա Լոա հրաբուխների հետ, որոնց ժայթքումները տեղաբնակները աստվածային էին համարում:

21. Մասսաչուսեթս (Massachussetts) – անվանումը ստացել է համանուն ծոցից: 1629 թվին այստեղ հիմնվել է անգլիական գաղութ, որը կոչվել է Մասսաչուսեթս բեյ (Massachussets bay): Ավելի ուշ, անվանումը տարածվել է ավելի մեծ տարածքի վրա, իսկ նահանգի ստեղծման ժամանակ դարձել նրա պաշտոնական անվանումը: Անգլերեն անվանումը ստացել է անցյալում այդ ափերին ապրող մասաչուզետ ալգոնիկյան ցեղի անունից: Ենթադրվում է որ ցեղանունը նշանակում է “բարձր լեռների (Ապալաչյան լեռներ) մարդիկ”:

22. Մինեսոտա (Minnesota) – անվանումը Միսսիսիպիի վտակ` Մինեսոտայի անունից է գալիս: Գետանունը կազմված է հնդկացիական սիու լեզուների` մինի-“ջուր” և սոտա “պղտոր, տղմոտ” բառերից: Այսինքն` “տղմոտ ջուր”:

23. Միչիգան (Michigan) – անվանումը ստացել է համանուն լճից: Անվանումը տեղացի հնդկացիների լեզվով նշանակում է “մեծ լիճ”, կազմված է michav- “մեծ” և sasigan- “լիճ” բառերից:

24. Մեն (Maine)– անվանումը առաջացել է ծովափին գտնվող գաղութային տերիտորիային, 1622 թվին տրված անունից, որը կազմված էր նավապետ Մենի (Maine) անունից և անգլերեն land- “երկիր” բառից:

25. . Մերիլենդ (Maryland)– 1632 թվին այս տերիտորիայի վրա հիմնվել է անգլիական գաղութ, որը Անգլիայի Մերի Հենրիետ թագուհու անունով կոչվել է Maryland - ”Մերիի երկիր”:

26. Միսսիսիպի (Missisipi)– անվանումը ստացել է համանուն գետից: Վերջինս իր հերթին ` հայտնագործվելով իսպանացի ծովագնաց Ֆրանցիսկո Ալվարես Պենադայի կողմից, անվանվեց Rio Espirito Grande`”Սուրբ հոգու գետ”: 1542 թվից այն կոչվեց Soto Rio Grande` “Սոտոյի մեծ գետ” `կոնկիստադոր Հեռնանդո դի Սոտոյի անունով: 1673 թվին ֆրանսիացիները այն վերանվանեցին Riviere de Conception` “Հղիության գետ” (անարատ հղիության կաթոլիկական տոնի անունով): 1688 թվին, իսպանացիները նրան տվեցին Rio de las Palizadas` “Լաստերի գետ” անունը: Բայց այնուամենայնիվ, ի վերջո բոլորի կողմից ընդունվեց հնդկացիների կողմից տրված Միսսիսիպի անվանումը: Գետաբերանին ապրող ալգոնիկներ հնդկացիական ցեղի լեզվով գետը կոչվում է Միսիզիբի, որը բառացի նշանակում է “մեծ գետ (misi- “մեծ” և zibi-“գետ”):

27. Միսուրի (Missouri) – անվանումը ստացել է համանուն գետից: Անվանումը բացատրվում է երկու ձևով: Հնդկացիների` ալգոնիկների լեզվով բառացի նշանակում է “մեծ նավակ” (misi-“մեծ” , ouri- “նավակ”) և կազմված է տոհմի` “մեծ նավակներ ունեցող մարդիկ” անունից: Երբեմն անվանումը իմաստավորում են որպես “տղմոտ գետ”:

28. Մոնտանա (Montana) - լատիներեն անվանում է, որը բառացի նշանակում է “լեռնոտ”: Սկզբնապես եղել է ոսկի որոնողների ավանի անվանումը, հետագայում տերիտորիայի, իսկ 1889 թվից ստեղծված նահանգի անվանումը:

29. Յուտա (Utah) –անվանումը ստացել է ուտահ հնդկացիական ցեղի անունից:

30. Նեբրասկա (Nebraska) – համանուն գետից է գալիս անվանումը, որը տեղացի հնդկացիները անվանել են Նեբրասկա: Ենթադրվում է, որ այն հնդկացիական լեզուներով նշանակել է “հարթ”: Եվրոպացի առաջին վերաբնակիչները` ֆրանսիացիները, այդպես էլ բառապատճենեցին գետի անվանումը`Riviere Platte -“հարթ գետ”, որից էլ այժմյան անգլերեն Platte river անվանումն է: Փաստորեն հնդկացիական անվանումը գետից անցավ նահանգին, իսկ եվրոպական անվանումը անցավ գետին:

31. Նեվադա (Nevada) – նահանգի անվանումը գալիս է Sierra Nevada-“ձյունապատ լեռներ” լեռնաշղթայի անվանումից, թեև բուն լեռնաշղթան գտնվում է նահանգի սահմաններից դուրս` Քալիֆորնիայում:

32. Նյու Հեմպշիր (New Hampshire) –նահանգի տարածքն այդպես են կոչել 1622 թվին անգլիացի վերաբնակիչները, Անգլիայի Հեմպշիր կոմսության անունով, որին ավելացվել է new –“նոր” մակդիրը:

33. Նյու Մեքսիկո (New Mexico) – բառացի նշանակում է “Նոր Մեքսիկա”: Այդպես է անվանվել 1846-49 թթ. ամերիկա-մեքսիկական պատերազմի արդյունքում ԱՄՆ-ին անցած մեքսիկական հողերը:

34.Նյու Յորք (New York) – անվանումը ստացել է Նյու Յորք քաղաքից: Վերջինս հիմնադրել են հոլանդացիները 1626 թվին և անվանել Նոր Ամստերդամ: 1674 թվին այն վերջնականապես զավթեցին անգլիացիները և ի պատիվ Անգլիայի թագավոր Չարլզ Երկրորդի եղբոր` Յորքի դքսի վերանվանեցին New York -“Նոր Յորք”:

35. Նյու Ջերսի (New Jersey)– նահանգի տարածքն այդպես է կոչվել XVII դ.`Լա Մանշ նեղուցում գտնվող Ջերսի կղզու (Մեծ Բրիտանիա) անունով , որովհետև նրա առաջին վերաբնակիչները և նահանգապետներից մեկը` Բերկլին, այդ կղզու ծնունդ էին: New Jersey -“Նոր Ջերսի”:

36. Ջորջիա (Georgia) – Անգլիայից եկած առաջին վերաբնակիչները այստեղ հաստատվել են 1733 թվին և նորաստեղծ գաղութը անվանել են, ի պատիվ Անգլիայի George II թագավորի (1727-1760):

37. Ռոդ Այլենդ (Rhode Island)-հոլանդական անվանում է, որը ստացել է ափի մոտ գտնվող կղզուց, որը հոլանդացի գաղութաբնակները անվանել էին Roode Eylandt-“շիկակարմիր կղզի”` նկատի ունենալով հողի գույնը:

38. Վայոմինգ (Wyoming) – անվանումը դելավեր ցեղի լեզվով նշանակում է “ընդարձակ հարթավայր”: Սկզբնապես այն եղել է արևելյան Փենսիլվանիայի հովիտներից մեկի անվանումը: Անկախության պատերազմի ժամանակ անգլիական զորքերը կոտորեցին այդ հովտի ամբողջ բնակչությանը: Հովտի անվանումը դարձավ հերոսական հայրենասիրություն նշող թևավոր խոսք, որը և հետագայում դարձավ նահանգի անվանումը:

39. Վաշինգտոն (Washington)- 1889 թվին կազմավորված այս նահանգը անվանվեց, ի պատիվ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի:

40. Վերմոնտ (Vermont) – անվանումը առաջացել է ֆրանսերեն - vert mont-“կանաչ լեռ” արտահայտությունից (vert -“կանաչ”, mont -“լեռ” ): Ֆրանսիացի վերաբնակիչները XVIIդ. այդպես են անվանել տեղանքը` անտառապատ գագաթի պատճառով: Անվանումը տարածվել է ավելի ընդարձակ տարածքի վրա, իսկ նահանգի ստեղծման ժամանակ դարձել է նրա պաշտոնական անվանումը:

41.Վիսկոնսին (Wisconsin)- անվանումը ստացել է նահանգի տարածքով հոսող Միսսիսիպի գետի ձախ վտակ` Վիսկոնսինի անվանումից: Գետանունը տեղի հնդկացիների լեզվով նշանակում է “խոտառատ հարթավայր”:

42.Վիրջինիա (Virginia) – 16-րդ դարի վերջին, այստեղ հաստատվեցին անգլիացիները, որոնք այդ տերիտորիաները ի պատիվ Անգլիայի Էլիզաբեթ I թագուհու (Elizabeth I Virgin) անվանեցին Վիրջինիա (լատիներեն`virgin-“կույս" +ia-երկիր):

43.Տեխաս (Texas)-անվանման ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ: Ըստ իսպանական վարկածի, անվանման ծագումը հետևյալն է. կաթոլիկ մի վանական, տեղացի հնդկացիներին հարցնում է, թե նրանք, որ ցեղին են պատկանում, որին նրանք պատասխանում են “texia”-“բարի ընկեր”: Հետագայում պարզվեց, որ դա ողջունելու նրանց սովորական ձևն էր:

44.Փենսիլվանիա (Pennsylvania) – կոչվել է անգլիացի քաղաքական գործիչ, քվակերների աղանդի անդամ Ուիլիամ Փենի (William Penn, 1644-1718) անունով: Նա Անգլիայի Չարլզ II թագավորից, 1681 թվին ստացած խարտիայով, Հյուսիսային Ամերիկայում տիրեց նշանակալի տերիտորիայի, որի վրա հիմնված գաղութը, հետագայում հայտնի դարձավ Pennsylvania անվանումով: Փենի ազգանվանը ավելացնելով silva-“անտառ” բառն ու երկիր իմաստը արտահայտող ia վերջածանցը, այսինքն` “Փենի անտառոտ երկիր”:

45.Քենթուկի (Kentucky)- անվանումը ստացել է նահանգի տարածքով հոսող Քենթուկի գետից: Ենթադրում են, որ գետանունն առաջացել է իրոկեզերեն ken-take –“ընդարձակ տափաստան, հարթավայր” արտահայտությունից:

46.Քոնեքտիկուտ (Connecticut)- անվանումը ստացել է Քոնեքտիկուտ գետից: Գետանունն առաջացել է հնդկացիների տրված Quinnehtukgut անվանումից, որը նշանակում է “երկար գետ”:

47.Օկլահոմա (Oklahoma)- անվանումը չոկտոո հնդկացիական ցեղի լեզվով նշանակում է “կարմիր ժողովրդի հող”, այսինքն կարմրամորթ մարդկանց երկիր:

48.Օհայո (Ohio)-անվանումը գալիս է Օհայո գետից: Օհայո` իրոկեզերեն նշանակում է “գեղեցիկ”: Ֆրանսիացիները, որոնք եվրոպացիներից առաջինն են թափանցել այս տերիտորիա, ժամանակին այդպես էլ թարգմանել են անվանումը`La Belle Riviere –“Գեղեցիկ գետ”:

49. Օրեգոն (Oregon)- անվանման ծագումը մի սխալի արդյունք է: Անվանումներով ծածկված, 1715 թվի ֆրանսիական մի քարտեզի վրա, քարտեզագիրը Վիսկոնսին գետի անվանումը, սխալմամբ գրել է Ուարիկոնսինտ, որի սինտ վերջավորությունը տողադարձ էր արել: Այսպիսով, պատկերացում էր ստեղծվել ինչ-որ մի Ուարիկոն գետի մասին, որը հոսում էր դեպի արևմուտք: Եվ քանի որ Խաղաղ օվկիանոս տանող ճանապարհի խնդիրը սուր էր և շատերին էր հուզում, ապա սկսեցին առեղծվածային Ուարիկոն գետի որոնումները: Ենթադրյալ գետը, գիտական շատ նախագծերում համարվում էր դեպի արևմտյան ծովափ տանող լավագույն ուղին: Շուտով Ուարիկոն-Օրեգոն բառը դարձավ տերիտորիայի անվանում, իսկ 1859թվին դարձավ նորաստեղծ նահանգի անվանումը:

50. Ֆլորիդա (Florida) –անվանումը ստացել է համանուն թերակղզուց: Վերջինս հայտնագործել է իսպանացի կոնքիստադոր Խուան Պոնսե դե Լեոնը` 1513 թվին, Ծաղկազարդի տոնի օրը, որը կաթոլիկական տոմարով կոչվում է Florida Pascua`բառացի “ծաղկուն զատիկ” և թերակղզին անվանվել Ֆլորիդա, այսինքն ծաղկուն: Հետագայում դարձավ նահանգի անվանումը:

 
Back to content | Back to main menu