Մայր թագուհին - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Անուններ
    Մայր-թագուհի Էլիզաբեթ

   Մարտի 30-ին լրացավ Մեծ Բրիտանիայի նախկին կոնսորտ-թագուհի Էլիզաբեթ Բոուս-Լայոնի մահվան 17 տարին:
   Լեդի Էլիզաբետ Բոուս-Լայոնը (4 օգոստոսի 1900 — 30 մարտի 2002) — Գեորգ VI-ի կինն էր և Միացյալ Թագավորության կոնսորտ-թագուհին 1936—1952 թվականներին, ինչպես նաև որպես Թագուհի Էլիզաբեթ: Հնդկաստանի վերջին կայսրուհի (1936—1950), Հինգ Հանգրվանների Լորդ-Պահապան (1978—2002):


   Էլիզաբեթ Էնջելա Մարգարիտ Բոուս-Լայոնը , Կլոդ Ջորջ Բոուս-Լայոնի (հետագայում` Ստրատմորի և Քինգհորնի 14-րդ կոմս) և նրա կնոջ` Սեսիլիա Նինա Քավենդիշ-Բենտինկի կրտսեր դուստրն էր և նրանց տաս երեխաներից իններորդը: Նրա մայրը բարեկամական կապեր ուներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլիամ Քավենդիշ-Բենտինկի և Հնդկաստանի գեներալ-նահանգապետ, Ուելսլիի 1-ին մարկիզ Ռիչարդ Ուելսլիի հետ:


   
   Մանկության մեծ մասը նա անց է կացրել Ուոլդենում և Գլեմիս ամրոցում, Շոտլանդիա: Մինչև ութ տարեկանը նրա դաստիարակությամբ զբաղվել են գուվերնանտուհիները: Էլիզաբեթը տարվում էր սպորտով, պոնիներով և շներով:   

  
  Դպրոցում նրա սիրելի առարկաներն էին գրականությունը և աստվածաբանությունը: Բոլոր ավարտական քննությունները նա հանձնել է գերազանց:


Գլեմիս ամրոցը Շոտլանդիայում

Նրա եղբայրներից չորսը ծառայել են բանակում: Ավագ եղբայր Ֆերգուսը, 1915 թվականին զոհվեց Լոոսի մոտ տեղի ունեցած կռվում: Մյուս եղբայրը` Միխայիլը, 1917 թվականի ապրիլի 28-ից անհայտ կորած հայտարարվեց: Սակայն երեք շաբաթ անց, ընտանիքին հայտնեցին, որ վիրավորվելուց հետո, նա գերի է ընկել և մինչև պատերազմի ավարտը մնաց ռազմագերիների ճամբարում:

  
  Դե Լասլոի հեղինակած դիմանկարներ

   Արքայազն Ալբերտը, Յորքի դուքսը, որին ընտանիքում անվանում էին «Բերտի», Գեորգ V թագավորի երկրորդ որդին էր: Առաջին անգամ, նա Էլիզաբեթին ամուսնության առաջարկ արեց 1921 թվականին, սակայն նա մերժեց «վախենալով, որ երբեք չի կարող ազատ մտածել, խոսալ և գործել, ոչ այնպես, ինչպես զգում եմ, այլ այնպես ինչպես պարտավոր կլինեմ»: Երբ Բերտին հայտնեց, որ չի ամուսնանա ուրիշ ոչ մեկի հետ, նրա մայրը` Մերի թագուհին այցելեց Գլեմիս և համոզվեց, որ Էլիզաբեթը «միակ աղջիկն է, ով կարող է Բերտիին երջանիկ դարձնել», սակայն չխառնվեց: Միևնույն ժամանակ Էլիզաբեթին սիրահետում էր Ալբերտի ձիապան Ջեյմս Ստյուարտը, մինչև մեկնեց Ամերիկա:
1922 թվականի փետրվարին, Էլիզաբեթը, Ալբերտի քրոջ` արքայադուստր Մերիի, Լասսելլսի վիկոնտուհու հարսանիքին, հարսի ընկերուհին էր: Հաջորդ ամիս, Ալբերտը նրան նորից ամուսնության առաջարկ արեց և նորից մերժում ստացավ: Եվ վերջապես, 1923 թվականի հունվարին, Էլիզաբեթը համաձայնվեց ամուսնանալ Ալբերտի հետ:



  Նրանք ամուսնացան 1923 թվականի ապրիլի 26-ին, Վեստմինստերյան Աբբայությունում: Էլիզաբեթը դեպի աբբայություն գնալիս, ճանապարհին ծաղկեփունջ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին: Այդ ժեստը հետագայում կրկնել են թագավորական ընտանիքի բոլոր հարսնացուները, սակայն դա արել են հետադարձի ճանապարհին: Ամուսնությունից հետո Էլիզաբեթը սկսվեց կոչվել Նորին Թագավորական Մեծություն Յորքի դքսուհի: Նորապսակները մեղրամիսը անցկացրեցին Սուրրեյ կոմսությունում, Պոլսդեն-Լեյսի ապարանքում, իսկ հետո ուղևորվեցին Շոտլանդիա:


  1926 թվականին ծնվեց նրանց առաջին երեխան` արքայադուստր Էլիզաբեթը («Լիլիբեթ»), որը հետագայում դարձավ Էլիզաբեթ II, ներկայիս թագուհին: Մյուս դուստրը` Մարգարետ Ռոուզը ծնվեց չորս տարի անց:


   1936 թվականի հունվարի 20-ին Գեորգ V թագավորը մահացավ և թագավոր դարձավ Ալբերտի եղբայրը` Ուելսի արքայազն Էդվարդը: Վերջինս պնդում էր երկու անգամ ամուսնալուծված ամերիկուհի Ուոլլիս Սիմպսոնի հետ ամուսնությանը, սակայն անգլիկան եկեղեցին, որի գլուխ էր հանդիսանում հենց ինքը` Էդվարդը, արգելում էր ամուսնությունը ամուսնալուծվածների հետ: Նախարարները համարում էին, որ ժողովուրդը երբեք չի համաձայնվի Սիմպսոնին տեսնել որպես իրենց թագուհի և հանդես եկան այդ ամուսնությանը դեմ: Էդվարդը որոշեց հրաժարվել գահից ի հօգուտ Ալբերտի, որը թագավոր դարձավ 1936 թվականի դեկտեմբերի 11-ին, վերցնելով Գեորգ VI անունը:

  Նա և Էլիզաբեթը, 1937 թվականի մայիսի 12-ին, թագադրվեցին, որպես Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրիտանական դոմինիոնների Թագավոր և Թագուհի, Հնդկաստանի Կայսր և Կայսրուհի: Էլիզաբեթի թագը պատրաստված էր պլատինից և զարդարված <<Կոհինուր>> ալմաստով:
  Էդվարդն ու միսսիս Սիմպսոնը նույնպես ամուսնացան: 1937 թվականի մարտի 8-ի թագավորական պատենտով, նրան շնորհվեց Վինձորի դուքսի տիտղոս և վերադարձրեց Order of the Garter օրդենը «միայն նրա համար, որպիսի նրա կինը և ժառանգները, եթե այդպիսիք կլինեն, չկրեն Թագավորական Մեծություն անունն ու կոչումը»:

  1938 թվականի ամռանը, թագավորի և թագուհու Ֆրանսիա կատարվելիք այցը հետաձգվեց երեք շաբաթով, թագուհու մոր` լեդի Ստրատմորի մահվան պատճառով: Այցի նպատակն էր աջակցել անգլո-ֆրանսիական համերաշխությանը, նացիստական Գերմանիայի ագրեսիայի առջև: Ֆրանսիական մամուլը բարձր գնահատեց այցի ընթացքում թագավորական զույգի վարքն ու հմայքը:
  
Ֆրանսիա և Կանադա այցի ժամանակ
1939 թվականի հունիսին, Էլիզաբեթն ու իր ամուսինը այցելեցին Հյուսիսային Ամերիկա: Շրջագայությունը նախատեսված էր պատերազմի դեպքում փոխօգնության ամրապնդման և Կանադայի, որպես Միացյալ Թագավորության դոմինիոնի կարգավիճակի հաստատման համար: Նրանք ծայրից ծայր շրջեցին ամբողջ Կանադայով, ապա այցելեցին ԱՄՆ, Սպիտակ տանը հանդիպելով նախագահ Ռուզվելտին: Թագավորական զույգի, կանադացիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ, անգլո-բուրական պատերազմի մի վետերան հարցրեց թագուհուն. «դուք շոտլանդուհի եք, թե անգլուհի»: Նա պատասխանեց «Ես կանադուհի եմ»: Ուղևորությունը դեպի Կանադա և ԱՄՆ, թագավորական ընտանիքին Հյուսիսային Ամերիկայում բավականին հեղինակավոր դարձրեց: ԱՄՆ առաջին տիկին Էլեոնորա Ռուզվելտը ասել է որ Էլիզաբեթը եղել է «կատարյալ, ինչպես թագուհի, բարեհամբյուր… ասում էր ճիշտ և բարի խոսքեր»:

   Երկրորդ աշխարհամարտի ժամանակ թագավորն ու թագուհին դարձան ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշներ: Էլիզաբեթը հրապարակայնորեն հրաժարվեց լքել Լոնդոնը և երեխաների հետ մեկնել Կանադա, ասելով «Երեխաները չեն գնա առանց ինձ: Ես չեմ թողնի թագավորին: Իսկ թագավորը երբեք չի լքի երկիրը»:
  Նա այցելում էր զորքերին, հիվանդանոցներ, ֆաբրիկաներ, երկրի այն շրջանները, որոնք ենթարկվել էին ֆաշիստական ռմբակոծություններին: Սկզբում նրա այցերը դժկամություն էր առաջացնում ժողովրդի մեջ, թանկարժեք հագուստի պատճառով: Թագուհին բացատրում էր. Երբ հպատակները գալիս են իրեն մոտ, նրանք աշխատում են հագնել իրենց ունեցած լավագույն կոստյումները, և ինքն էլ վճարում է նույնպես իր ժողովրդին: Նորման Հարթնելլը նրա զգեստներին տալիս էր նուրբ գույներ և երբեք սև, որպիսի նա ներկայացնի «Հույսի ծիածան»:
   Երբ սկսեցին ռմբակոծել Բուկինհեմյան պալատը, թագավորն ու թագուհին չլքեցին այն: Գիշերը նրանք տեղափոխվում էին Լոնդոնից 32 կմ արևմուտք գտնվող Վինձորյան ամրոց: Ամրոցում այդ ժամանակ պահակազոր չկար, սենյակները մեծամասամբ փակ էին, ապակիները պայթյուններից կոտրատված: Բրիտանական բանակի ռազմական ոգու վրա մեծ ազդեցության համար, Ադոլֆ Հիտլերը Էլիզաբեթին անվանել է «Եվրոպայի ամենավտանգավոր կինը», չնայած նրան, որ ինքը և ամուսինը կողմնակից էին խաղաղ կարգավորման:
  1945 թվականին, բրիտանական համընդհանուր ընտրությունների ժամանակ, Չերչիլի Պահպանողական կուսակցությունը պարտություն կրեց Կլեմենտ Էթթլիի Լեյբորիստական կուսակցությունից: Էլիզաբեթը հազվադեպ էր արտահայտում իր քաղաքական հայացքները, սակայն այն նամակը, որ նա գրել է 1947 թվականին, Էթթլիին նկարագրում է որպես «երկրի վրա սոցիալիստական դրախտի մեծ հույսերով մարդ»: Էտտլին վեց տարի վարչապետ լինելուց հետո պարտություն կրեց և նորից իշխանության եկավ Չերչիլը:
  1948 թվականին, թագավորի վատառողջության պատճառով, դեպի Ավստրալիա և Նոր Զելանդիա թագավորական շրջագայությունը հետաձգվեց: 1949 թվականի մարտին նրա աջ ոտքը վիրահատեցին: 1951-ի գարնանը թագուհին և նրա դուստրերը թագավորի փոխարեն կատարեցին հասարակական պարտականությունները: Սեպտեմբերին թագավորի մոտ ախտորոշվեց թոքերի քաղծկեղ:

  
  1952 թվականի փետրվարի 6-ին, Գեորգ VI-ը քնում մահացավ: Էլիզաբեթը սկսեց կոչվել Նորին Մեծություն մայր-թագուհի Էլիզաբեթ: Տիտղոսը ընդունվեց դստեր, թագուհի դարձած Էլիզաբեթ II-ից տարբերելու համար: Իսկ ժողովուրդը սկսեց անվանել ուղղակի Մայր-թագուհի:

   Թագավորի մահվանից ճնշված նա առանձնացավ Շոտլանդիայում, սակայն Չերչիլի հետ հանդիպումից հետո նորից վերսկսեց իր թագավորական պարտականությունները: 1953 թվականի հուլիսին, նա մեկնեց իր առաջին (հուղարկավորությունից հետո) արտասահմանյան ուղևորությունը: Նյասալենդում, նա դրեց Ռոդեզիայի համալսարանական քոլեջի, ներկայիս Զիմբաբվեի համալսարանի հիմնաքարը:
  Այրի թագուհին ղեկավարում էր Շոտլանդիայում, ծովափին գտնվող Մեյ ամրոցի վերականգնամ աշխատանքներին, ուր հետագայում, նա ամեն տարի, երեք շաբաթ, օգոստոսին և հոկտեմբերին օգտագործում էր, որպիսի «փախնի ամեն ինչից»:

   Մինչև վերջին օրերը թագուհին սիրում էր ձիարշավը և հանդիսանում էր մոտ 500 մրցումների հաղթող: Որպես մշակույթի ստեղծագործությունների կոլլեկցիոներ նա գնում էր Կլոդ Մոնեի, Ավգուստ Ջոնի և Պետեր Կարլ Ֆաբերժեյի ստեղծագործությունները:
   1964 թվականի փետրվարին, հեռացրեցին նրա կույր աղիքը, և մինչև 1966 թվականը հետաձգվեց նախատեսված շրջագայությունը դեպի Ավստրալիա, Նոր Զելանդիա և Ֆիջի: 1966 թվականի դեկտեմբերին, նրան նորից վիրահատեցին հաստ աղիքի ուռուցքի հեռացման համար: 1984 թվականին նորից վիահատվեց կրծքի ուռուցքի հեռացման համար:
   1975 թվականին, նա Ռեզա Փեհլեվի շահի հրավերով այցելեց Իրան: Բրիտանական դեսպան Էնտոնի Փարսոնսը և նրա կին Շեյլան նշել են, որ իրանցիները զարմացած էին նրանից, որ մայր-թագուհին զրուցում էր բոլորի հետ անկախ նրանց կարգավիճակից: 1976-ից մինչև 1984 թվականները, նա ամեն ամառ այցելում էր Ֆրանսիա:
Էլիզաբեթը թագավորական ընտանիքի ամենահայտնի դեմքն էր հանդիսանում մինչև նրա թոռ Չարլզի և լեդի Դիանայի ամուսնությունը: Նրա ստորագրությունը, ցանցավոր գլխարկները և զգեստները դարձել էին նրա անձնական ոճի տարբերանշանները:


  Ավելի ուշ տարիներին, մայր-թագուհին հայտնի դարձավ իր երկարակյացությամբ: Նրա 90-ամյակը նշվեց շքերթով, որին մասնակցում էին մոտ 300 կազմակերպություններ, որոնց նա հովանավորել է: 1995թ նա մասնակցել է Երկրորդ աշխարհամարտի ավատի 50-ամյակին նվիրված միջոցառումներին: Մայր-թագուհին ենթարկվեց ևս երկու վիրահատությունների: Մեկը ձախ աչքի կատարակտայի հեռացման, մյուսը կոնքազդրային հոդի իմպլանտացիայի: 1998-ին նրա ձախ կոնքը փոխվել էր, այն դեպքից հետո, երբ, Սանդրինգհեմի ձիանոցում սայթակել և վայր էր ընկել: Նրա 100-ամյա հոբելյանը նշվեց շքեղ: Տեղի ունեցավ շքերթ, նրա պատկերը հայտնվեց 20 ֆունտ ստերլինգանոցի վրա, Գիլդհոլլում մասնակցեց Քենթերբերրիի արքեպիսկոպոս Ջորջ Քերիի հետ ճաշին:

  
  2000թ նոյեմբերին, նա ընկնելով կոտրեց անրակը, իսկ 2001թ դեկտեմբերին կոնքը: Չնայած դրան, հաջորդ տարի փետրվարի 6-ին, նա ամուսնու հիշատակման ծառայությանը, կանգնած էր օրհներգի կատարման ժամանակ: Երեք օր անց, մահացավ նրա կրտսեր դուստր Մարգրետը: 2002թ փետրվարի 13-ին, նա նորից վայր ընկավ և կոտրեց ձեռքը, սակայն գնաց Սբ. Գեորգի ժամատուն մասնակցելու դստեր հուղարկավորությանը:

  2002 թվականի մարտի 30-ին, ժամը 15:15, Ռոյալ-Լոջում, իր դստեր` Էլիզաբեթ II-ի ձեռքերում, մայր-թագուհին քնած մահացավ:
  Նա իր կյանքի վերջին չորս ամիսներին տառապում էր մրսածությունից: Իր մահվան պահին, նա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ թագավորական ընտանիքի ամենաերկարակյաց ներկայացուցիչն էր: Այդ ռեկորդը գերազանցվեց 2003թ հուլիսի 24-ին, երբ Գլոսթերի դքսուհի, արքայադուստր Ալիսան, անցավ 102 տարեկանի շեմը: Նա մահացավ 102 տարեկան հասակում 2004թ հոկտեմբերի 29-ին:
   Երեք օրերի ընթացքում, մարդիկ անցնում էին Վեստմինստերյան պալատի նույնանուն սրահով, որտեղ դրված էր նրա դագաղը, հարգանքի տուրք մատուցելով նրան:
Մայր-թագուհու հուղարկավորության օրը, ապրիլի 9-ին, Կանադայի գեներալ-նահանգապետը պրոկլամացիա թողեց այն մասին, որ բոլոր կանադացիները հիշատակեն մայր-թագուհուն: Ավստրալիայում գեներալ-նահանգապետը հիշատակի ծառայություն կարդաց Սիդնեյի Սբ. Անդրեյի տաճարում: Լոնդոնում ավելի քան 1 միլիոն մարդ հավաքվել էր Վեստմինստերյան Աբբայության հարակից հրապարակում:


 
   Նրա աճյունը այժմ հանգչում է Վինձորյան պալատի Սբ. Գեորգի ժամատանը, ամուսնու և դստեր կողքին: Նրա խնդրանքով, իր հուղարկավորությունից հետո, այն ծաղկեպսակը որը դրված է եղել դագաղի վրա, տարվել է և դրվել Վեստմինստերյան Աբբայության Անհայտ զինվորի գերեզմանին, ի նշան նրա ամուսնության օրվա:
  Չնայած նրան, որ մայր-թագուհին համարվում էր թագավորական ընտանիքի ամենահեղինակավոր անդամներից մեկը, ովքեր օգնել են կայունացնել միապետության հեղինակությունը, Էլիզաբեթը ամբողջ կյանքի ընթացքում ենթարկվել է քննադատությունների: Ոմանք պնդում են, որ նա ռասիստական վիրավորանքներ է օգտագործել սևամորթների հասցեին: Վուդրո Վայթը, ընդհակառակը, իր օրագրում գրել է, որ երբ նա կարծիք էր հայտնում, այն մասին, որ սևամորթները ընդհանուր ոչինչ չունեն մեզ հետ, նա իրեն ասել է. «Ես շատ եմ շահագռգռված համագործակցության համար, նրանք այնպիսին են, ինչպես մենք»: Սակայն, նա չէր վստահում գերմանացիներին, և Վուդրո Վայթին ասել է. «Երբեք չվստահեք նրանց, երբեք չվստահեք նրանց»:
  1987 թվականին, նրան քննադատեցին, երբ նրա զարմուհիներից երկուսը` Քեթրին Բոուս Լայոնը և Ներիսսա Բոուս Լայոնը հայտնվեցին հոգեբուժարանում:
Հյու Քեսսոնը ասաց, որ նա եղել է ինչպես <<ժայռերին խփվող ալիք, նա գեղեցիկ էր և հմայիչ, նա ամուր էր և կենսունակ: Նա ֆիզիկապես ամուր էր, արի, պարտքի զգացումով>>: Նա բավականին հայտնի էր նաև իր չոր սրամտությամբ: Իմանալով որ Էդվինա Մաունթբեթթենին հուղարկավորել են ծովում, նա ասել է. <<Թանկագին Էդվինան ինձ միշտ դուր է եկել, ինչպես ալիքի ցոլքը>>:
  Նրա սովորությունները, 1980-ականներին հաճախակի նմանօրինակել է Սպիթթինգ Իմիջ հեռուստատեսային հումորային ծրագրում: Ֆիլմերում նրա դերերը կատարել են այնպիսի դերասանուհիներ ինչպիսիք են Ջուլյետտա Օբրին, Սիլվիա Սիմսը, Հելենա Բոնէմ Քարթերը («Թագավորը խոսում է» ֆիլմում, որը արժանացավ Օսկարի մրցանակի, երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար և ստացավ BAFTA մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերի, որպես մայր-թագուհու կերպարի ստեղծման հարցում):


Մայր-թագուհին իր դղյակը թողեց դստերը: Նրա ունեցվածքը գնահատվել է 70 միլիոն ֆունտ ստեռլինգ, ներառյալ կտավները, Ֆաբերժե ձվերը, ոսկյա զարդերը և ձիերը: Իր մահվանից ութ տարի առաջ, նա իր դրամական միջոցները կիսել է իր ծոռների միջև: Մայր-թագուհու մշակույթային կարևորագույն նշանակություն ունեցող ստեղծագործությունները հանձնվեցին թագուհու Թագավորական հավաքածուին:
Էլիզաբեթ թագուհու արձանը Գեորգ VI-ի հուշահամալիրում, Ֆիլիպ Ջեքսոնի քանդակագործությամբ, բացվել է 2009 թ փետրվարի 24-ին: «RMS Queen Elizabeth» նավը կոչվել է նրա անունով: Նավը ջուր էր իջեցրել 1938 թ սեպտեմբերի 27-ին, Քլուբանկում, Շոտլանդիա: Էլիզաբեթը հասցրեց նավի քթամասին կոտրել գինու շիշը:
2011 թվականին, Մեյ ամրոցում գտան թագուհու երաժշտական ձայնագրությունները: Նա սիրում էր լսել շոտլանդական թմբուկներ, մյուզիքլներ, Թոնի Հենքոքի, Նոէլ Քովարդի կատարումները:

<<Թագավորը խոսում է>> ֆիլմում նրա դերը կատարել է բրիտանացի դերասանուհի Հելենա Բոնեմ-Քարթերը:
Տիտղոսները.
4 օգոստոսի 1900 — 16 փետրվարի 1904- Պատվարժան Էլիզաբեթ Բոուս Լայոն
16 փետրվարի 1904 — 26 ապրիլի 1923-Լեդի Էլիզաբեթ Բոուս Լայոն
26 ապրիլի 1923 — 11 դեկտեմբերի 1936-Նորին թագավորական Մեծություն Յորքի դքսուհի
11 դեկտեմբերի 1936 — 6 փետրվարի 1952-Նորին Մեծություն թագուհի
11 դեկտեմբերի 1936 — 14 օգոստոսի1947-Նորին կայսերական Մեծություն Հնդկաստանի կայսրուհի
6 փետրվարի 1952 — 30 մարտի 2002-Նորին Մեծություն Մայր-Թագուհի Էլիզաբեթ

Գեորգ VI-ի և Էլիզաբեթ թագուհու արձանը Carlton Gardens-ում, Լոնդոն


 
Back to content | Back to main menu