Դե Հաար - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Դե Հաար ամրոց-հոլլանդական միջնադարի հմայքը
31.01.2016

Դե Հաար ամրոցը իրոք կարելի է համարել միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից, քանի որ ամբողջ Հին Եվրոպայում դժվար գտնենք այսպիսի շքեղ և գեղատեսիլ ամրոց: Այս գեղեցիկ ստեղծագործությունը գտնվում է հոլլանդական Ուտրեխտ քաղաքում: 

Այն իրական ամրոց է, ուր գոյություն ունեն շարժական կամուրջներ, աշտարակներ, անառիկ հաստ պատեր և ինչու չէ ուրվականներ: Ամրոցը շրջապատված է փոքրիկ լճակով, որի շուրջ գեղեցիկ զբոսայգիներ են: 

Ամրոցը իր պատմությունը սկսել է 14-րդ դարից, երբ դեռ քարակերտ ամրոցի տերը ոմն Վան Զեյլեն Վան Նեֆելտ դե Հաարան էր: Այստեղից էլ ծագել է ամրոցի անունը: Ամրոցը Հաարա տոհմին պատկանել է ոչ երկար ժամանակ` 50 տարուց քիչ ավել, քանի որ վերջին ժառանգը երեխաներ չի ունեցել: 15-րդ դարում այդ տոհմի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ Ժոզինան դառնում է Դիրկ վան Զեյլենի կինը: Եվ այդ ժամանակից էլ մինչ հիմա ամրոցը պատկանում է Զեյլեն տոհմին: Իր պատմության ընթացքում ամրոցը մի քանի անգամ ավերածությունների է ենթարկվել: Առաջին անգամ 1482թ. երբ վեճ էր առաջացել եպիսկոպոսի և Ոտրեխտ քաղաքի միջև, ապա 1672թ.` ֆրանսիական օկուպացիայի ժամանակ: Իհարկե ամրոցը միշտ վերականգնել են և նորոգել: Սակայն վերջին ավերածությունից հետո, այն մոռացության և դատարկության է մատնվել:

Եվ վերջապես եկավ զարթոնքի և ծաղկունքի ժամանակը: 1892թ. երբ բարոն Էտյեն վան Զեյլեն վան Նեյեվելտ վան դե Հաարը ամուսնացավ հայտնի Ռոտշիլդների դինաստիայի ներկայացուցչի աղջիկ Հելենայի հետ: Հարուստ հարսնացուի միջոցները ծառայեցին բարոնի ընտանեկան օրրանի վերականգնմանը: Եվ ահա ահռելի միջոցներ ներդրվեցին ամրոցի վերականգնման համար, որով զբաղվում էր ճարտարապետ Պիտեր Կեյպերսը: Այդ պատճառով էլ, կարելի է նշել, որ ամրոցի այսօրվա կերպարը այդ ժամանակ կատարված աշխատանքի արդյունքն է, քանի որ այն վերականգնել են ավերակներից:

Շշմեցուցիչ է ոչ միայն ամրոցի արտաքին տեսքը, այլ նաև ներքին հարդարանքը, որին հատուկ ուշադրություն է դարձվել: Այն կարելի է համարել էսթետիկայի և շքեղության գագաթնակետը: Այստեղ հաշվի է առնվել ամեն մի մանրուք սկսած սրահների, ննջարանների, սպասավորների սենյակների շքեղությունից վերջացրած կահույքով, հագուստով և սպասքով, որոնք ստեղծվել են հենց Դե Հաար ամրոցի համար: Ասպետական սրահը պահպանում է այս հայտնի տոհմի պատմությունը:

Կեյպերսը անգամ նախագծել է էլեկտրամատակարարման համակարգը, ջեռուցումը և անգամ վերելակները, սակայն արտաքնապես այն մնացել է ամրոց:

Բավականին մեծ ուշադրություն է դարձվել նաև ամրոցի շրջակայքին: Տնկվել է հիանալի պարկ, որի բազմաթիվ ծառեր բերվել են երկրի տարբեր վայրերից:

Երկար ժամանակ ամրոցը փակ է եղել այցելուների համար և միայն Երկրորդ Աշխարհամարտից հետո բացվեց միայն այգին, իսկ 2000թվից ամրոցը: Այսօր Դե Հաար ամրոցը բաց է աշխարհի բոլոր տուրիստների համար: Այստեղ ցուցադրված են ընտանիքի բազմաթիվ հետաքրքիր իրեր, ֆլամանդական կտավների հավաքածու և ընտանեկան զինանշաններ: Բայց, քանի որ ամրոցը հանդիսանում է Զեյլեն ընտանիքի սեփականությունը, ավանդույթի համաձայն, տարին մեկ անգամ, սեպտեմբեր ամսին նրանք անց են կացնում ամրոցում և այն փակվում է այցելուների համար:

 
Back to content | Back to main menu