Սիդնեյի կամուրջը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Հարբոր Բրայջ
19.01.2016

Սիդնեյ, Ավստրալիա: Մայրցամաքի խոշորագույն քաղաքներից մեկն է: Եվ այստեղ է կառուցվել ավստրալիական առաջին այցեքարտ համարվող կառույցը: Ծանոթացեք Հարբոր Բրայջ:Ավելի քան 80 տարի առաջ կառուցված այս կամուրջը, դեռ որ հանգիստ հաղթահարում է իր առջև դրված խնդիրները: Ինժիներական մտքի այս հրաշք կառույցը, բացի հետիոտնային և հեծանվորդային ուղիներից, ունի նաև 8 ավտոմոբիլային և 2 երկաթուղային գծեր:
  


Առաջին եվրոպական վերբնակիչները, Սիդնեյի ծովածոց ժամանեցին 1788 թվականի հունվարին: Առաջին խումբը կազմված էր 11 նավերից, որոնցից 6 տեղափոխում էին 775 դատապարտյալների, որոնցից՝ 582 տղամարդ և 193 կին: Նրանց հետ եկան նաև մի քանի հարյուր նավաստիներ`28 կանանց և 25 երեխաների հետ: Մեծ Բրիտանիան ցանկանում էր թեթևացնել իր բանտերը, ինչպես նաև սկսել 1770 թվականին հայտնագործած այս նոր տարածքների գաղութացումը: Հանցագործների համար, որոնց միջին տարիքը կազմում էր 27 տարեկան, բանտային կալանքը փոխարինվում էր ցմահ աքսորով: Դատապարտյալները պարտավոր էին իրենց և վերակացուների համար կացարաններ կառուցել: Սակայն կառուցել չգիտեին, առավել ևս շինանյութերի բացակայության պայմաններում: Այդ ժամանակների ոչ մի կառույց չի պահպանվել: Դատապարտյալների ներհոսքը շարունակվում էր: Գաղութում տիրում էր սովը, անօրինությունը և համաճարակները: Սակայն 19-րդ դարի սկզբին ձևավորվեց քաղաքատիպ բնակավայր, մոտ 7000 բնակիչներով, որոնցից 500 ազատ էին, իսկ մնացածը դատապարտյալներ: Հետզհետե, այդ երկու խմբերը սկսեցին տեղավորվել գետի, հետագայում ծոցի տարբեր ափերին: Գաղութում առաջացավ գործարարություն: Բնակիչները սկսեցին բուծել Իսպանիայից բերված այծեր և զբաղվել բրդի առևտրով: Արդեն դարի կեսերին, գաղութում բնակվող Բրիտանիայի քաղաքացիները և դատապարտյալները գրեթե հավասարվեցին: Միաժամանակ նաև սկսվեց ավելանալ Եվրոպայից ինքնակամ վերաբնակիչների հոսքը: Բնակավայրի հարյուրամյակին Սիդնեյն արդեն ուներ 400 000 բնակիչ, քաղաքային հավաքույթների համար գեղեցիկ և շքեղ ավանդական շենքով, որը պահպանվել և օգտագործվում է մինչ այսօր: Ինչպես և բնորոշ էր Վիկտորիանական դարի քաղաքին, պետական և մասնավոր բարձրակարգ ճարտարապետության հետ միասին առկա էր նաև աներևակայելի աղքատությունը: Սակայն 1900 թվականի ժանտախտի համաճարակի արդյունքում այդ աղքատ շրջանները հիմնականում վերացան: Շուտով սկսվեց Սիդնեյի նոր զարթոնքը: Անցյալ դարասկզբին քաղաքի կենսամակարդակը համարվում էր ամենաբարձրը, անգամ Բրիտանական կայսրության և ԱՄՆ համեմատությամբ, իսկ երիտասարդ բնակիչները ամենաառողջը, և այդ իսկ պատճառով կայսրության լավագույն զինվորները: Զարթոնքի այդ տարիներից հետո, կարծես եկավ հուսահատության ժամանակներ, երբ ոչ մի նորույթ չկար: Եվ: Եվ մի քանի տարի անց, Մեծ դեպրեսիայի մոլեգին տարիներին բացվեց Սիդնեյի կամուրջը` “երկրագնդի թալիսմաններից մեկը, և անխոս ամենահանճարեղ կառույցը, որը երբևիցե կառուցվել է Ավստրալիայում”- ինչպես գրել է գրող-ճանապարհորդ Ջեն Մորրիսը իր “Սիդնեյ” գրքում:
Դեռ 18-րդ դարում, բնակություն հաստատելով այստեղ, նորաստեղծ բնակավայրի բնակիչները սկսել են մտածել այն մասին, թե ինչպես իրար կապեն ծովածոցի երկու ափերը: Առավել ևս այնպես, որպիսի չխանգարեն նավագնացությանը: 


Կամրջի շինարարությանը նախորդել են ավելի քան մեկ դարյա քննարկումներ: 1888 թվականին տեղական կառավարությունը, պատվիրում է հետազոտություն անցկացնել այն հարցի շուրջ, թե որն է ավելի հարմար` կառուցել կամուրջ թե թունել: Սակայն, եթե կառուցվի կամուրջ, այն պետք է լինի բավականին բարձր, որի հետ չեր կարելի համեմատել այդ ժամանակներում գոյություն ունեցող ոչ մի կառույց:

19-րդ դարի կամրջաշինությունը չէր հասցնում քաղաքաշինության տեմպերին: Ամեն մի քանի տարին մեկ, տեղի էին ունենում կամուրջների հետ կապված աղետներ` փլուզվում էին “աշխարհի ամենամեծ կամուրջները”: Օրինակ`1854 թվականին ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգում գտնվող “Ուիլինգ” կամուրջը պարկեց կողքի, 1879 թվականին՝ Շոտլանդիայում քամու արագությունից փլուզվեց Թեի կամուրջը, որի վրայով այդ պահին անցնում էր փոստատար գնացքը, 1907 թվականին՝ Կանադայում փլուզվեց “Քվեբեկ” կամուրջը, որը համարվում էր նախագծման մտքի արժանավոր արդյունք: Ընդհանուր առմամբ փլուզվել են մոտ 200 կամուրջներ, որոնցից ոմանք եղել են այնպիսի չափերի, ինչպիսին պետք է կառուցվեր Սիդնեյում: Այդ իսկ պատճառով, Սիդնեյի իշխանությունները 1909 թվականին որոշեցին կառուցել երեք թունելներ: Մեկը` տրամվայի, մեկը`գնացքի, իսկ մյուսը` մնացած տրանսպորտային կարիքների համար:
Սկսած 1912 թվականից, քաղաքի գլխավոր նախագծող Ջոն Ջոբ Քրու Բրեդֆիլդը, աշխատում էր այնպիսի կամրջի կառուցման նախագծի վրա, որը կբավարարեր քաղաքի տրանսպորտային բոլոր կարիքները: Սկզբում քաղաքային իշխանությունները հավանություն տվեցին այն նախագծին, որը ներառում էր երկաթգիծ, վեց մետր լայնությամբ ավոմոբիլային, հետիոտնային հինգ մետր լայնությամբ և ձիակառքերի համար 12 մետրանոց ուղիներ: Հետո սկսվեց Առաջին աշխարհամարտը և շինարարությունը հետաձգվեց:


1923 թվականին կամուրջի շինարարությունը սկսվեց, որին չխանգարեցին անգամ 1929 թվականի բանկային ճգնաժամը և Մեծ դեպրեսիան: Նախագիծը ներառում էր, ոչ միայն երկաթուղային, այլ նաև տրամվայի, և ավտոմոբիլային ութ ուղիներ:


Կամուրջը շինարարության ընթացքում, 1930 թվական:


 Կամրջի պաշտոնական բացումը, 1932 թվականի մարտի 19:

                        

Բրեդֆիլդի կառուցած կամուրջը ամենամեծ, բայց ոչ ամենաերկար կամարաձև կամուրջն է աշխարհում: Ընդհանուր երկարությունը կազմում է 1149 մետր, որից 503 մետր կամարաձև թռիչքն է, բաժանված 28 հատվածների, յուրաքանչյուրը 18.28 մետր երկարությամբ: Կամարի բարձրությունը 134 մետր է, որտեղ 1930 թվականի օգոստոսի 19-ին, իրար միացավ կամրջի կամարը: Երկաթային կառուցվածքի ընդհանուր քաշը 52 800 տոննա է: 

      
Առաջին ներկման համար պահանջվել է 272 000 լիտր ներկ: Կամրջի երկու կողմերին վեր են խոյանում 89 մետրանոց փիլոնները: Այդ բետոնե կառույցները երեսպատված են տեղական կապույտ գրանիտով, որոնցից յուրաքանչյուրը ունի մոտ մեկ քառակուսի մետր մակերես: Այդ ժամանակներում Ավստրալիայում չկաին այդպիսի որակավորում ունեցող որմնադիրներ, և այն արել են Շոտլանդիայից եկած վարպետները:


Կամրջից երևում է նաև Սիդնեյի երկրորդ խորհրդանիշը` Սիդնեյի թատրոնը: Սակայն դա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:
 
Back to content | Back to main menu