Վիկտորիա լիճ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԼՃԵՐԸ - ՎԻԿՏՈՐԻԱ
13.01.2016
Անդրադառնալով մեր մոլորակի խոշորագույն լճերին, ներկայացնենք Աֆրիկա մայցամաքի առաջատարին` Վիկտորիա լճին:
Քենիայի կառավարությունը զբոսաշրջիկների հոսքը ավելացնելու նպատակով, լճի ափին գտնվող Նյագոմա Կոգելո բնակավայրին ազգային ժառանգության կարգավիճակ է շնորհել: Այստեղ է մեծացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայրը:



Վիկտորիա լիճը գտնվում է Հասարակածային Աֆրիկայի կենտրոնում, Տանզանիա, Քենիա, Ուգանդա պետությունների տերիտորիայում: Աֆրիկյան մայրցամաքի ամենագեղատեսիլ այս լճի մակերեսը կազմում է 68 870 քառ.կմ: Երկարությունը կազմում է 320 կմ, առավելագույն լայնությունը` 275 կմ, միջին խորությունը կազմում է 40, իսկ առավելագույնը` 80 մետր: Գտնվում է ծովի մակերևույթից 1134 մ բարձրության վրա, ափագծի ընդհանուր երկարությունը հասնում է 7000 կմ:
Վիկտորիան աշխարհի խոշորագույն լճերից է, որին կարելի է դասակարգել ներքին ծովերի շարքին: Երբ հարց էր առաջացել նրան լիճ, թե ծով համարել, բոլոր նախապայմանները կային, որ նա համարվեր ներքին ծով, քանի որ, նավագնացության պայմանները և ջրային բալանսը բնորոշ էին ծովերին: Սակայն լճի ջուրը, ի տարբերություն ծովի աղի ջրերի, քաղցրահամ է:
Լճի ափերը, բացի հարավ-արևմտյան կողմից, ցածրադիր են և ճահճոտ: Բավականին շատ են ծոցերը, հրվանդանները, թերակղզիները, որոնք և ափերը դարձնում են բավականին գեղատեսիլ: Մեծ կղզիներն են` Ուկերեվե, Սեսե, Մանսոմե, Ռուվոնդո և Կոմե կղզիները:



Հնեաբանները և աշխարհագրագետները կարողացել են ապացուցել, որ մի քանի միլիոն տարի առաջ, լիճը ավելի մեծ է եղել: Նրանց հաջողվել է հաշվել լճի տարիքը: Պարզվում է, այն առաջացել է երրորդական դարաշրջանում, իսկ խոնավ չորրորդականում այն զգալի մեծացել է զբաղեցնելով ներկայիս Ուգանդա պետության տարածքը:
Լճի մակերևույթին առկա են բոլոր տեսակի քամիները , որոնք առաջանում են աֆրիկյան աշխարհամասում: Նրա ցածրադիր ափերը խոչնդոտ չեն հանդիսանում այդ քամիների համար: Օդային այդ զանգվածների տեղաշարժն էլ լճում առաջացնում է ալեկոծություններ և փոթորիկներ:
Ջրի տարեկան միջին ջերմաստիճանը +22 է: Եղանակների փոխվելը որոշվում է մթնոլորտային տեղումների քանակով: Ձմեռվա ժամանակահատվածը` տեղումներով ամենասակավն է: Լինում է, որ մի քանի ամիս շարունակ անձրևներ չեն գալիս: Տեղումներով ամենաառատը ապրիլ և մայիս ամիսներն են: Այդ երկու ամիսների ընթցքում լիճը 4-6 մետր բարձրանում է: Տարեկան լճի մակերեսից գոլորշիանում է մոտ 93 խոր. կմ ջուր, որը քիչ ավելի է լճից արտահոսող` Վիկտորիա-Նեղոս գետի տարած ջրից: Սակայն Վիկտորիային սակավաջուր համարել չի կարելի:

Լճի ափերի կենդանական և բուսական աշխարհը տիպիկ է մայրցամաքին: Ափերին աճում են պապիրուս, եղեգ, իսկ ափերին սփռված բանանի պլանտացիաները, վաղուց դարձել են այստեղի ինքնատիպ խորհրդանիշը:

     
Բազմաթիվ ծոցերը և գետաբերանները հանդիսանում են գետաձիերի և կոկորդիլոսների բնակատեղի: Տեղացի բնակիչները նրանց անվանում են “մամբա”: Ձկնորսությունը այստեղ զարգացած է վաղուց: Այն զբոսաշրջիկ-ձկնորսների համար իսկական դրախտ է, քանի որ այստեղ կան մոտ 100 տեսակի ձուկ, որոնցից մեծ մասը հանդիպում են միայն այս լճի ջրերում: Բազմատեսակ են նաև թռչունները: Հաճախ լճի ափերը ստանում են ծիածանի բոլոր գույները, շնորհիվ ափերին իջած միլիոնավոր խայտաբղետ թռչունների:

Ինչպես մեր մոլորակի մյուս շրջանները, այտեղ էլ վերջին ժամանակներում էկոհամակարգը փոխվել է: Շատացել են արդեն հազվադեպ և ոչնչացող բույսերի ու կենդանիների տեսակները: Ափերին հազվադեպ են հանդիպում ռնգեղջյուրները, որոնց տեղաբնակ որսորդները որսում են, ակնկալելով ծախել եղջյուրը, որը օգտագործվում է բժշկական պրեպարատներ պատրաստելու համար:

Ամենախոշոր նավահանգիստը` Մվանզան է, Տանզանիայում, Էննետեբե նավահանգիստը` Ուգանդայում, Կիսսիման` Քենիայում:

Լճի հայտնագործումը եվրոպացիների կողմից

Մինչև 19-րդ դարի կեսերը, Վիկտորիա լիճը անհայտ էր եվրոպացիներին:
1800- ականների կեսերին, բրիտանական Թագավորական աշխարհագրական ընկերությունը խնդիր էր դրել հայտնաբերելու Նեղոս գետի ակունքները: Հասարակածային Աֆրիկայի այդ շրջանները պատված էին անանցանելի ջունգլիներով, որը անհնարին էր դարձնում ճանապարհորդությունը դեպի աշխարհամասի խորքերը:
Լիճը հայտնաբերել է անգլիացի Ջոն Հեննինգ Սփիքը (1827-1864):



Վերջինս`Հնդկաստանում, որը ինչպես հայտնի է, այն ժամանակ հանդիսանում էր Մեծ Բրիտանիայի գաղութը, որպես սպա ծառայում էր գաղութային բանակում: Այստեղ էլ նա ծանոթացել էր ճանապարհորդ Ռիչարդ Ֆրենսիս Բյորտոնի 
(1821-1890) հետ: 
1856 թվականին, նրանք երկուսով մեկնեցին Արևելյան Աֆրիկա և իրենց ճանապարհորդությունը սկսեցին Զանզիբար կղզուց, 1857 թվականի հունիսին: 
1858 թվականի փետրվարին նրանք հայտնաբերեցին Տանգանիկա լիճը, որը Բյորտոնի համոզմամբ Նեղոսի ակունքն էր: Հետադարձի ճանապարհին Բյորտոնը հիվանդացավ մալարիայով և ստիպված մնաց Տաբորա քաղաքում, մինչև ապաքինվելը: 

Իսկ Սփիքը ինքնուրույն շարժվեց դեպի հյուսիս, գտնելու այն լիճը, որի մասին նա լսել էր տեղաբնակներից: Նա ենթադրում էր, որ հենց այդ լիճն է հանդիսանում Սպիտակ Նեղոսի ակունքը, այլ ոչ թե Տանգանիկան, քանի որ տեղաբնակներից իմացել էր, որ լճից արտահոսում է մեծ գետ: Նա նաև գիտեր, որ Եգիպտոսի կառավարիչ Մուհամմեդ Ալի փաշան (1769-1849) երեք անգամ ճանապարհորդություններ է կազմակերպել դեպի Նեղոսի վերին հոսանքները, որպիսի վերահսկի Սուդանում օգտակար հանածոների արդյունահանումը և ստրկավաճառությունը:

Եվ վերջապես, նա 1858 թ. հուլիսի 30-ին, հայտնվեց այդ հսկայական լճի ափին:
Բյորտոնը ստիպված եղավ մնալ Ադենում, իսկ Սփիքը վերադարձավ Լոնդոն, որտեղ և 1859 թվականի մայիսի 8-ին, Թագավորական աշխարհագրական ընկերության առջև հայտարարեց, որ գտել է Նեղոսի ակունքը, որը սկիզբ է առնում իր հայտնաբերած հսկայական լճից, որին նա տվել ` Մեծ Բրիտանիայի թագուհու անունը`Վիկտորիա:






Վիկտորիան գեղեցիկ է բայց մահվան շեմին ...

քանի որ, այսօր նա խեղդվում է արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներից և մարդկության կենսագործության արտաթորումներից: Լճի և նրա ջրերի շուրջ իրավիճակը անհանգստացնում է ոչ միայն հարող երկրների կառավարություններին, այլ նաև համաշխարհային հանրությանը: Լիճը ծանծաղում է, ձկնային ռեսուրսները քչանում: Պատճառը, ոչ միայն կլիմայի ընդհանուր տաքացումն է, այլ նաև անտառների հատումը, այդ թվում նաև լճի շրջակայքում: 
Շվեյցարական Biovsion հետազոտական ինստիտուտի հաշվետվությամբ, որը հրապարակվել էր 2010թ. ասվում էր, որ Աֆրիկայի երկրներին անհրաժեշտ է եռապատկել գյուղատնտեսական արտադրանքը, քանի,որ 2050թ. Աֆրիկյան աշխարհամասի բնակչությունը կարող է հասնել 2 միլիարդի: Դա նշանակում է, որ անտառները հատվելու են, գյուղատնտեսական տարածքներ ձևավորելու համար: Սննդամթերքի հարցը լճի շրջանում չի լինում կարգավորել նաև ձկնորսության հաշվին: Տվյալներ են բերվում այն մասին, որ վերջին 10 տարիների ընթացքում բռնվող ձկան քանակը 10անգամ նվազել է: Դեռ 2008թ. Ուգանդայի կառավարությունը հայտարարեց, որ պարտադրված է դադարեցնել երկրի հիմնական արտահանվող ձկնատեսակի` նեղոսյան թառի արտահանումը, պատճառաբանելով ձկնագողությունը: Չնայած էկոլոգիական աղտոտվածությունն էլ է հանգեցրել ձկնապաշարի կրճատմանը: Էկոլոգները կանխատեսում են, որ առաջիկա 50 տարվա ընթացքում լճում ամբողջ կենդանականը կարող է վերանալ, լճի հատակի և շրջակա միջավայրի ընդհանուր աղտոտման պատճառով: Քիմիական պարարտանյութերը, կոյուղաջրերը, արդյունաբերական արտանետումները արդեն լուրջ վտանգ են առաջացրել լճի և նրա ափերի ամբողջ կենդանական աշխարհին:

Եվս մեկ վտանգ է այսպես կոչված ջրային գիացինտը կամ էյխորնիան: Սա ժամանակին այստեղ է բերվել եվրոպացիների կողմից Ասիայից, որոնք այս գեղեցիկ ջրային բույսերով զարդարում էին իրենց արհեստական ջրավազանները: Բայց այսօր նուրբ մանուշակագույն այս ծաղիկը գրավել է ամբողջ լիճը: Ուգանդային պատկանող լճի հատվածի 80 տոկոսը արդեն գրավված է այս բույսի կողմից: Այս վտանգավոր գեղեցկության դեմ փորձում են պայքարել թունաքիմիկատների օգնությամբ: Եվս մեկ վնասատու, այսպես կոչված` ջրիմուռ-մարդասպանները, որոնք բազմանալով, արձակում է տոկսիններ, սպանելով ձկներին և վտանգավոր են մարդու համար: Այդ ջրիմուռների բավականին բազմացման արդյունքում 2009թ. Էնտեբբե քաղաքի շրջանում հանգեցրեց ձկների զանգվածային ոչնչացման և խմելու ջրի պակասի: Այդ երևույթի պատճառը կարող է հանդիսանալ նաև օրգանական աղբի կուտակումը:
Բնապահպանները կոչ են անում Վիկտորիա լիճը հայտարարել ամբողջ մոլորակի ժառանգությունը և փրկել միջազգային բնապահպանական կազմակերպությունների ուժերով` ՄԱԿ-ի հովանու ներքո:


 
Back to content | Back to main menu