Ուոլլես Հենրի Հարթլի - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
    Ուոլլես Հենրի Հարթլիին և նրա ջութակը

Անձնվեր երաժիշտը

Անգլիացի ջութակահար Ուոլլես Հենրի Հարթլիին, ղեկավարում էր ութ երաժիշտներից կազմված նվագախումբը, որը 1912 թվականի ապրիլին Ատլանտիկան հատելու ամբողջ ընթացքում զվարճացնում էր ուղևորներին, անգամ նաև այն պահին, երբ լեգենդար “Տիտանիկը” ընկղմվում էր օվկիանոսի ջրերում` կարելի է համարել մեծագույն արարքի տեր անձնավորություն:

Ով էր նա

Ուոլլես Հարթլին ծնվել է 1878 թվականի հունիսի 2-ին, Քոլնում, Լանկաշիր կոմսություն, Անգլիա: Նրա հայրը Ալբիոն Հարթլին, երգչախմբի ղեկավար էր և տնօրինում էր կիրակնօրյա դպրոցում: Հարթլին սովորել է տեղի մեթոդիստական դպրոցում, երգել եկեղեցական երգչախմբում և ջութակ նվագել սովորել նույն կոնգրեգացիայի երաժիշտներից մեկի մոտ: Ավարտելով դպրոցը Հարթլին աշխատանք գտավ “Craven & Union Bank” տեղական բանկում, իսկ երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Հեդդերսֆիլդ, նա միացավ Հեդդերսֆիլդի նվագախմբին:


1903 թվականին նա լքեց հայրենի տունը և հաջորդ վեց տարիներին նվագեց Բրիդլինգթոնի նվագախմբում, որից հետո տեղափոխվեց Դյուսբերի, Վեստ Յորքշիր և 1909 թվականին, որպես երաժիշտ ծառայության անցավ “Cunard Line” ընկերությունում, որը տրանսատլանտյան փոխադրումներ էր իրականացնում: Հարթլին աշխատել է այնպիսի շքեղ շոգենավերի վրա, ինչպիսիք են “Լուկանիան”, “Մավրիտանիան” և “Լուզիտանիան”:
“Մավրիտանիայի” վրա աշխատելու ժամանակ, “Cunard Line”- ի երաժշտական սպասարկումը անցավ “C.W.& F.N.Black” երաժշտական գործակալությանը, որը փոխեց Հարթլիի կարգավիճակը: Այժմ նա չէր հանդիսանում անձնակազմի անդամ, այլ ուղևոր էր, որը ապրում էր երկրորդ կարգի նավախցում, գործակալության հաշվին: Ավելի ուշ պարզվեց, որ ոչ նավագնաց ընկերությունը, ոչ էլ երաժշտական գործակալությունը չէին ապահովագրել երաժիշտներին` պատասխանատվությունը գցելով մեկ մեկու վրա:






  
1912 թվականի ապրիլին Հարթլին նշանակվում է “Տիտանիկի” նվագախմբի ղեկավար: Դրանից որոշ ժամանակ առաջ, նա առաջարկություն էր արել Մարիա Ռոբինսոնին և երկմտում էր հեռավոր ճանապարհորդության մեկնելու հարցում, չցանկանալով բաժանվել երկար ժամանակով իր սիրելից: Սակայն որոշում է մեկնել, հույս ունենալով, որ “Տիտանիկի” վրա աշխատանքը իրեն նորանոր հնարավորություններ կտա ցամաքում ավելի լավ աշխատանք գտնել:

Երբ “Տիտանիկը սկսեց խորտակվել Հարթլին և նրա ընկերները վերցնելով իրենց գործիքները սկսեցին նվագել, օգնելով ուղևորների տարհանման ժամանակ պահել վստահությունը, որ փրկությունը առջևում է, փորձելով հանգստացնել նրանց և կանխել խուճապը: Այդպես նրանք նվագեցին մինչև վերջ: Ցավոք նվագախմբի անդամներից ոչ ոք ողջ չմնաց, իսկ նրանց մինչև վերջ նվագելու մասին պատմությունը, վերածվեց լեգենգի: Ողջ մնացած ուղևորներից մեկի վկայությամբ, նա Հարթլիին և նվագախմբի անդամներին տեսել է առաջին ծխնելույզից հետո` շքասանդուխքի մոտ կանգնած` նվագելիս: Նրա խոսքերով, տեսել է թե ինչպես նրանցից երեքին ջուրը քշել է, իսկ մնացած հինգը բռնվելով բազրիքից մնացել են կանգնած իրենց տեղերում: Ապա Հարթլին բացականչել է “Պարոնայք, ես հրաժեշտ եմ տալիս Ձեզ”: Այն ժամանակվա թերթերը գրել են.”Այն դերը որ վերջին րոպեներին կատարել է նվագախումբը խորտակվող “Տիտանիկի” տախտակամածին, կդասվեն ծովում հերոսությունների պատմության շարքին”:
Ստույգ հայտնի չէ, թե ինչ է նվագել նվագախումբը այդ սարսափելի պահերին, բայց ենթադրվում է որ դա եղել է քրիստոնեական օրհներգներ, կամ “Nearer, My God, toThee”, կամ “O God, Our Help in Ages Past”: Սակայն Ուոլթեր Լորդի “A Night to Remember” գրքում հիշատակվում է կապավոր Հարոլդ Բրայդի կարծիքը, որ դա եղել է “Autumn” երգը:
Հարթլիի մարմինը գտան ծովում, աղետից երկու շաբաթ անց, "Mackay-Bennett" նավի անձնակազմը: Մարմինը ուղարկվեց Անգլիա:
Նրա մարմնի հետ գտան նաև ջութակը, որը դրված էր պատյանի մեջ և ամուր կապված նրա մարմնին: Ջութակը նվիրել էր նրա հարսնացուն, իրենց նշանադրությունից հետո, ոստի այն հանձնեցին նրան:



Քաջասիրտ երաժշտի հուղարկավորությունը տեղի ունեցավ 1912 թվականի մայիսի 18-ին, հայրենի Քոլնում: Հուղարկավորությանը ներկա են եղել հազարից ոչ պակաս մարդ, ինչպես նաև մոտ 40 000 մարդ շարված են եղել ճանապարհների եզրերին, որոնցով անցնում էր թափորը: Հարթլիի գերեզմանաքարի վրա քանդակեցին նրա ջութակը:








Հարթլիի ջութակի պատմությունից



Հարթլիի մարմնի հետ, ինչպես ասացինք գտնվեց նաև ջութակը: 

Այն հանձնվեց Մարիա Ռոբինսոնին` դժբախտացած հարսնացուին, որի մասին վկայում է այս նշումը ջութակը ստանալու վերաբերյալ:
Հետագայում ջութակի հետքը կորավ: Այն հայտնաբերվեց միայն 2006 թվականին, հյուսիսային Անգլիայի Յորքշիր կոմսությունում գտնվող մի առանձնատան ձեղնահարկում: 

Ջութակի կաշվե պատյանի վրա մակագրված էր W.H.H (Wallace Henry Hartley) առաջնատառերը: Այն ցուցադրվեց ԱՄՆ-ում և Իռլանդիայում գտնվող “Տիտանիկին” նվիրված մի քանի թանգարաններում: 2013 թվականի մարտին հայտարարվեց, որ մոտ երկու տարի տևած հետազոտությունները ապացուցեցին, որ ջութակը իսկականն է: 

 Ջութակի վրա պահպանվել էր նաև հետևյալ փորագրությունը. “Ուոլլեսին մեր նշանադրության առթիվ. Մարիայից”
Նույն թվականի հոկտեմբերի 19-ին, Անգլիայի Ուիլտշիր կոմսությունում, Henry Aldridge & Son աճուրդում այն դրվեց վաճառքի: Նախնական գինը սահմանվել էր 200-300 հազար ֆունտ ստերլինգ (325-490 հազար դոլար): Սակայն այն վաճառվեց ավելի քան երեք անգամ թանկ` 900 հազար ֆունտ ստերլինգով (1,454 միլիոն դոլար):
Սա առավելագույն ռեկորդն է Տիտանիկի հետ կապված իրերի վաճառքի ասպարեզում:


 
Back to content | Back to main menu