Կանադայի դրոշը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Կանադա
Դրոշի պատմությունը

Այս տարի, փետրվարի 15-ին Կանադայում նշեցին իրենց դրոշի հիսունամյակը: 50 տարի առաջ կանադական մայրաքաղաք Օտտավայում , խորհրդարանի առջև հավաքված բազմության և Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ներկայությամբ բրիտանական “Union Jack”-ը փոխարինվեց կենտրոնում թխկու տերևով կարմիր-սպիտակ դրոշով: Կանադան և իր այդ դրոշը անբաժան են իրարից: Այն դարձել է երկրի խորհրդանիշը, որը կարելի է տեսնել բազմաթիվ տեղերում:



Ներկայումս այն խորհրդանշում է երկրի միասնությունը: Բայց 50 տարի առաջ ամեն ինչ այլ կերպ էր, իսկ ներկայիս դրոշի ճակատագիրը ոչ այդքան պարզ:

Այն հայտնվեց կոնֆեդերացիայի կազմավորումից գրեթե հարյուր տարի անց: 400 տարի առաջ Ժան Կարտյեի նավի վրա ծածանվում էր ֆրանսիական ազգային դրոշը, կարմիր և սպիտակ խաչով: Յոթամյա պատերազմում պարտություն կրելուց և Վերսալի հաշտության պայմանագրի կնքումից հետո, Կանադան անցավ բրիտանական տիրապետության տակ: 1621 թվականից Կանադայում ծածանվում էր բրիտանական “Royal Union Flag”-ը, որը 1801 թվականից հայտնի է որպես “Union Jack”, իսկ 1707 թվականից “Red Insign”-ը, որը հետագայում վերանվանվեց “Canadian Red Insign”,որը իրենից ներկայացնում էր բրիտանական դրոշը, անկյունում տեղակայված գաղութի զինանշանով:

1867 թվականին բրիտանական մի քանի գաղութներ միավորվեցին, ստեղծելով դոմինիոն: Իսկ 1868 թվականին հաստատվեց դոմինիոնի պաշտոնական կնիքը: Կնիքի վրա միավորված չորս գաղութների զինանշաններն էին` Օնտարիայի, Քվեբեկի, Նոր Շոտլանդիայի և Նյու Բրանսուիկի: Ճակատագրի բերումով այդ կնիքը այդպես էլ չպատրաստվեց, բայց քառամաս զինանշանը երկար տարիներ զարդարում էր կանադական դրոշները: Ըստ Բրիտանական կայսրությունում ընդունված կանոնների գաղութային ադմինիստրացիայի նավերը կարող էին բարձրացնել կապույտ դրոշներ, դրոշի վերին անկյունում բրիտանական “Յունիոն Ջեք”-ով, իսկ դրոշի ազատ`կապույտ ֆոնի վրա գաղութի զինանշանը: Բրիտանական դրոշների վրայի խորհրդանշանները թագավորական հրամաններով անվանվում էին “բեյջ”-եր, և հենց այս տերմինն էլ կպավ նմանատիպ “դրոշագերբերին”: Առևտրական նավերին նախատեսված էր բարձրացնել նման դրոշ, իսկ կարմիր դրոշը առանց որևէ խորհրդանիշի: Կանադական քառամաս զինանշանը առաջին անգամ գաղութային վարչակազմի կապույտ դրոշի վրա հայտնվեց 1868 թվականի դեկտեմբերին:

    
Կանադային Մանիտոբայի միանալուց հետո, դրոշների վրա հայտնվեց հնգամաս բեյջը: Իսկ Բրիտանական Կոլումբիայի (1871թ.) և Արքայազն Էդուարդի կղզու (1873թ.) միանալուց հետո, բեյջը կազմվեց յոթ մասից, իսկ ավելի ուշ 1907 թվականին իննը մասից: Թագավորական թագը միշտ առկա էր: Որոշ ոչ պաշտոնական դրոշների վրա բեյջը երբեմն շրջանակվում էր պսակով: Պսակի ներքևի մասում տեղավորված էր կուղբը , որպես Կանադայի խորհրդանիշ: Ավելի հաճախ բեյջը տեղավորում էին սպիտակ շրջանակում: Նման կապույտ դրոշը մինչև 1965 թվականը հանդիսանում էր ռազմական նավերի խորհրդանիշ: 1890 թվականի հունիսի 30-ին կանադական կառավարությունը պաշտոնապես թույլատրեց առևտրական նավերին կարմիր դրոշի վրա ավելացնել ժողովրդի կողմից սիրված բեյջը: Բրիտանական Ծովակալությունը 1892 թվականի փետրվարի 2-ին հաստատեց այդ որոշումը: Բեյջով կարմիր դրոշը, ոչ պաշտոնապես սկսեցին օգտագործել նաև ցամաքում, որպես ազգային դրոշ, 19-րդ դարի առաջին կեսերից, այդ թվում այն նաև բարձրացվեց խորհրդարանի շենքի վրա 1875 թվականին: 20-րդ դարի 20-ական թվերին բեյջով կարմիր դրոշը սկսեցին բարձրացնել բոլոր կառավարական շենքերի վրա:
Կամաց-կամաց կարմիր դրոշը դառնում էր ազգային: Օրինակ այն օգտագործում էին կանադական զորամիավորումները 1943 թվականին Եվրոպայում ռազմական գործողությունների ժամանակ, որպես իրենց ազգային պատկանելության խորհրդանիշ: 1945 թվականի սեպտեմբերի 5-ին այդ դրոշը պաշտոնապես դարձավ ազգային: Այդ օրը Կանադայի կառավարությունը հանձնարարեց “կարմիր” դրոշը բարձրացնել երկրի և երկրից դուրս բոլոր կառավարական շենքերի վրա “մինչև ազգային դրոշի ընդունումը”:

Կանադայի դրոշի ժամանակակից պատմությունը սկսվում է 1925 թվականից, երբ ստեղծվեց ազգային դրոշի նախագծման հատուկ կոմիտե: 

     
                      Կանադական "Ռեդ Ինսայնը"  1921-57թթ                                                                        Կանադական "Ռեդ Ինսայնը" 1957-65թթ
 
1921 թվականի նոյեմբերի 21-ին Կանադայի զինանշանը փոխվեց այն դարձավ հինգ դաշտերից կազմված, որոնցում էին Անգլիայի, Շոտլանդիայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի զինանշանները: Հինգերորդ դաշտում արծաթագույն դաշտն էր թխկու երեք կանաչ տերևներով, որը խորհրդանշում էր Կանադային: 1922 թվականին հերալդիկական վահանի նոր տարբերակը հայտնվեց Կանադայի կարմիր և կապույտ դրոշների վրա: 1957 թվականից զինանշանի վրայի թխկու տերևները դարձան կարմիր: Սակայն բեյջով կարմիր դրոշի օրերը հաշվված էին: Թխկու տերևը մեծ հանրաճանաչություն ձեռք բերեց Կանադայում, և այն սկսեցին պատկերել զինանշանից և դրոշից էլ դուրս, որպես ազգի ինքնուրույն խորհրդանիշ:
1964 թվականի մայիսի 21-ին, կառավարությունը հավանություն տվեց թխկու երեք տերևներով դրոշին, իսկ ավելի վաղ մայիսի 14-ին վարչապետ Փիրսոնը մամուլին հայտնեց, որ իր կարծիքով Կանադայի դրոշը պետք է ունենա սպիտակ ֆոնի վրա թխկու երեք տերև և կողքերին երկու կապուտ գիծ:

1964թվականի հոկտեմբերին բազմաթիվ առաջարկված տարբերակներից, կառավարությունը ընտրեց դրոշի երեք նախագիծ.
-կարմիր, “Յունիոն Ջեքով” և լիլիայի ծաղիկով
-թխկու երեք տերևներով
-թխկու մեկ տերևով սպիտակ ֆոնի վրա:
Ընտրվեց թխկու տերևով տարբերակը, որի դիզայնի առաջարկել էր Ջորջ Ստենլին: Վերջինս էլ 1995 թվականին վարչապետ Ժան Կարտյենի պաշտոնական հայտարարությամբ հայտարարվել է Կանադայի դրոշի հեղինակ: Թխկու տերևի`դրոշի հիմնական տարրի ձևավորումը կատարեց Ժակ ՍենՍիրը, չափաբաժինները առաջարկեց Ջորջ Բիստը, գունային կառուցվածքը Գյունտեր Վիշեցկին: Դրոշը կատարվեց երկու գույնով` կարմիր և սպիտակ 2:1 չափաբաժնով, մեջտեղում սպիտակ ֆոնի վրա թխկու կարմիր տերևով:
Թխկու տերևը Կանադայի խորհրդանիշն է 18-րդ դարի սկզբներից: Լեգենդներից մեկի համաձայն 1860 թվականին Ուելսի արքայազն Էդվարդը   առաջին անգամ այցելեց Կանադա:  Տորոնտոյում բնակիչները  դիմավորեցին  բարձր հյուրինհետևյալ ազգային խորհրդանիշներով` անգլիացիները` վարդերով, շոտլանդացիները` իրենց հայրենիքի խորհրդանիշ` տատասկափշով, իսկ Կանադայում ծնված էմիգրանտների սերունդների համար` թղկու տերևը: Կարմիր և սպիտակ գույները Կանադայի պաշտոնական գույներն էին դարձել 1921 թվականի նոյեմբերի 21-ին Գեորգ V թագավորի հաստատմամբ:
Դրոշի մշակման կոմիտեի կարշիքով դրոշի դիզայնը արտահայտում է ոչ միայն կանադացիների սիմպատիան դեպի Բրիտանիան, այլ նաև բոլոր ազգություններին, որոնք ապրում են Կանադայում: 1964 թվականի դեկտեմբերի 15-ին, հերալդիկայի փորձագետների, պատմաբանների և հասարակ քաղաքացիների հետ լայնածավալ խորհրդակցությունից հետո Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ (168 դեմ 78) ընդունեց կառավարական օրինագիծ նոր դրոշի մասին: Սենատը այդ որոշումը հաստատեց դեկտեմբերի 17-ին: Եվ շուտով 1965 թվականի հունվարի 28-ին, դրոշի մասին օրենքը ընդունվեց և հաստատվեց անգլիական թագուհու կողմից:
Թագուհին անձամբ եկավ Կանադա, նոր դրոշի բարձրացման տոնակատարությանը մասնակցելու համար: 1964 թվականի դեկտեմբերին կանադական խորհրդարանը պաշտոնական կարգավիճակ տվեց նաև “Յունիոն Ջեքին”: Այն հանդիսանում է Բրիտանական Համագործակցությունում Կանադայի անդամության խորհրդանիշ և բարձրացվում է Համագործակցության և թագավորական ընտանիքի տոների ժամանակ: Կանադայի դրոշին է նվիրված հոբելյանական հուշադրամ, հատված Թագավորական դրամատանը:

    
            Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պրոկլամացիան                                      Ջորջ Ստենլի  (1907-2002)





 
Back to content | Back to main menu