Վիկտոր Էմմանուել II - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Վիկտոր Էմմանուել II սրահ – փողոց գմբեթի և ապակու տակ
 Galleria Vittorio Emanuele II

Ապակեծածկ այս փողոցը գտնվում է Միլանում: 

Այն անվանվել է ի պատիվ Իտալիայի թագավոր Վիկտոր Էմմանուել II-ի: Այս սրահը միացնում է Դուոմո տաճարի հրապարակը, Լա Սկալա թատրոնի առջևի հրապարակի հետ: Սրահը հատակագծում ունի լատինական խաչի ձև` ութանկյուն կենտրոնով և զարդարված է խճանկարներով: 

Կառուցվել է այն, իտալացի ճարտարապետ Ջուզեպպե Մենգոնիի նախագծով, 1865-77թթ.: Հիմնաքարի դրման արարողությունը տեղի է ունեցել 1865թ. մարտի 7-ին: Ներկա են եղել թագավոր Վիկտոր Էմմանուել II-ը, Միլանի քաղաքապետ Անտոնիո Բերետտան, վարչապետ Ալֆոնսո լա Մորմորան և մի շարք դիվանագիտական ներկայացուցիչներ: Սակայն 1869թ. շինարարական ընկերությունը սնանկանում է, և մունիցիպալիտետը ստիպված իր ձեռքն է վերցնում շինարարությունը, որը ավարտվեց 1877թ.: Սակայն ճարտարապետ Ջուզեպպե Մենգոնիին բախտ չվիճակվեց մասնակցել իր մտահղացման պաշտոնական բացմանը: Աշխատանքների ընթացքին հետևելու ժամանակ նա վայր է ընկնում տանիքից և զոհվում:

Սրահը ունի երկու մուտք: Առաջինը գտնվում է Դուոմո հրապարակում, մյուսը Լա Սկալա թատրոնի մոտ: Դուոմոն հայտնի գոթական տաճար է` նվիրված Մարիամ Աստվածածնին և հանդիսանում է Միլանի արքեպիսկոպոսի նստավայրը: 

Այն ժամանակների համար սրահը նորարական կառույց էր, որը գիշերները լուսավորվում էր գազով: Կենտրոնի ութանկյան լամպերը վառելու համար հորինվել էր "ավտոմատ" համակարգ, որը իրենից ներկայացնում էր փոքրիկ լոկոմոտիվ, որը հատուկ տեղադրված ուղղեգծով գնում էր հերթականորեն վառելով լամպերը: Այս գործընթացը, ընթացքում կարծես վեր է ածվում ծեսի, որին դիտելու էին գալիս բազմաթիվ մարդիկ: 1883թ. գազային լամպերը փոխարինվեցին էլեկտրականով:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, 1943թ. օգոստոսի 15-16-ին տեղի ունեցած, ռմբակոծությունների հետևանքներով ապակյա ծածկը ամբողջովին ավերվել է: Վերականգնողական ծրագրերը սկսվել են 1948թ., սակայն երկար քննարկումների պատճառով աշխատանքները սկսեցին միայն երկու տարի անց և ավարտվեցին 1955թ.: Հետագայում նորոգումներ կատարվել են 1967թ.` 100-ամյակի կապակցությամբ և 2014-15թթ.` Expo 2015 ցուցահանդեսի անցկացման կապակցությամբ:

Ներկայումս, Վիկտոր Էմմանուել II սրահը հանդիսանում է Միլանի տուրիստական տեսարժան վայրերից մեկը: Այստեղ են գտնվում Gucci, Prada, Louis Vuitton հանրահայտ խանութները, սրճարաններ և ռեստորաններ: Սրահում անց են կացվում համերգներ և ցուցահանդեսներ:

Սրահի չափերից պատկերացում կազմելու համար, ներկայացնենք հետևյալ տվյալներ.
  • սրահի երկար կողմի երկարությունը` 196,6 մ
  • սրահի կարճ կողմի երկարությունը` 105,1 մ
  • ութանկյան կողմերի միջև հեռավորությունը` 36,6 մ
  • լայնություն` 14,5 մ
  • գմբեթի բարձրությունը`  47 մ
  • կամարի բարձրությունը`  29,2 մ
  • սրահի մակերեսը` 4165 քառ մ
  • 7800 քառ. մ ապակի ծածկում է տանիքը
  • օգտագործվել է 353 տոննա պողպատ:

 
Back to content | Back to main menu