ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Dilijan

Q-GUIDE-DILIJAN
Go to content

Main menu:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԴԻԼԻՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

    Ներկայիս Դիլիջանի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ: Առաջին գրավոր հիշատակումը վերաբերվում է 1826 թվականին, երբ այս վայրը սկսել է զարգանալ որպես առողջավայր: Այստեղ են եկել թոքերի հիվանդություններ ունեցող մարդիկ:
  Դիլիջան տեղանունը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրություններում, որը 1664-1670 թվականներին ճանապարհորդում էր Անդրկովկասում:
  Ենթադրվում է, որ մարդիկ այս վայրերում ապրել են դեռևս ուշ բրոնզե և վաղ երկաթե դարերից (Ք.ա. 2-րդ հազարամյակի վերջ-1-ին հազարամյակի սկիզբ):
Հայտնաբերվել են հնագույն դամբարանաշերտեր Ռեդկին լագեր, Խրտանոց, Պապանինո և այլ վայրերում:

 Դիլիջանի տեղում ինչպես ցույց են տալիս շրջակայքի տարահասակ, բայց հին բնակատեղիների մնացորդները, միշտ բնակավայր է եղել, որը մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, պատմական Հովք անունով: 4-րդ դարում Հայաստանը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև բաժանելուց հետո,  Հովքը մտել է Գուգարքի Ձորափոր գավառի մեջ և հանդիսացել հայոց Արշակունի թագավորների ՛՛հովուց տեղիք՛՛ ՝ հանգստավայր և արքունական որսատեղի:
  Պատմական իրադարձություններից ելնելով քաղաքի սահմանները և անվանումը մի քանի անգամ փոփոխվել է:
  8-րդ դարում այն մտել է Կայենո գավառի, իսկ ավելի ուշ Քուստ-Արցախյան  ամիրայության մեջ:
  14-րդ դարում, Նոր Գետիկի եկեղեցու պատի տակի գերեզմանաքարի 1345 թվագրությամբ, ավարտվում է տեղեկությունները Աղստևի հովտում կյանքի մասին: Անհայտ է, թե քանի ու քանի բնակավայրեր են կառուցվել ու ավերվել մոնղոլական արշավանքների ընթացքում, սակայն հայտնի են բնակատեղիներ, որոնց հետքերը կան մինչ այսօր` Կայան, Խրտանոց, Բախտիար, Հաղարծին, Գետիկ, Փիշիկ, Քոսնաջուր, Դիլի:
  15-րդ դարից մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալը եղել է Գյանջայի խանության մեջ:
  1801 թ. Աղստևի հովիտը անցնում է ռուսական տիրապետության տակ: Եվ հենց այդ տարիներին է հիմնադրվում ներկայիս Դիլիջանը: Ըստ փաստաթղթերի 1826 թվականին Դիլիջանում ապրում էին 60 ընտանիք: Սակայն նրանք գնալով նվազել են, ռուս-պարսկական պատերազմի պատճառով: Չնայած նրան որ 1826 թ. օգոստոսի 30-ին գեներալ Վալերիան Մադաթովը դիմել էր գավառապետ Ասլան Օրբելիանուն և խնդրել միջոցներ ձեռնարկել Դիլիջանի բնակչության անվտանգությունը ապահովելու համար, գնալով ընտանիքները հեռանում էին Դիլիջանից և չնայած նրան, որ թշնամին ոտք չդրեց Դիլիջանում, պատերազմի ավարտին այստեղ մնացել էր ընդհամենը 4 ընտանիք:
  Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, երբ 19-րդ դարի 40-ական թթ. վերջերին Անդրկովկասում կատարվեցին վարչական նոր վերափոխություններ, Դիլիջանն իր շրջակայքով մտցվեց Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի մեջ: Այդ ժամանկներում Դիլիջանը պաշտոնական փաստաթղթերում երբեմն հիշատակվում է որպես ավան, երբեմն գյուղաքաղաք, իսկ երբեմն էլ սովորական գյուղ, որը բաժանված էր երկու թաղի՝ Հին թաղի, որը զուտ հայաբնակ էր, և որն էլ իր հերթին բաժանվում էր Միջին (1906-ին ուներ 1357 հայ բնակիչ) և Ներքին թաղերի (1906-ին ուներ 507 հայ բնակիչ) և Նորի, որը ռուսաբնակ էր և համապատասխանում է Պապանինո թաղամասին: Հին ու Նոր Դիլիջանից բացի այդ ժամանակներում Դիլիջանի բաղկացուցիչ մասն է համարվել նաև Զ. Տարեկանովի պղնձաձուլարանի փոքրիկ ավանը մի քանի տասնյակ բնակիչներով: Գտնվելով Թիֆլիսից Երևան տանող ճանապարհի վրա, նրա այն կետում, որտեղից էլ մի ուղի ձգվում էր դեպի Ալեքսանդրապոլ:

  1840- ականների կեսերին Դիլիջանի շրջակայքում բնակություն սկսեցին հաստատել դեռ ռուսական կայսր Ալեքսանդր 1-ի օրոք, ռուսական եկեղեցուց հեռացված և բուն Ռուսաստանից արտաքսված մոլոկանները, ովքեր հիմնեցին  Գոլովինո (ի պատիվ Գոլովինի) և Սլոբոդկա (Նոր Դիլիջան, Պապանինո) բնակավայրերը: Ռուսները հիմնականում բնակություն էին հաստատում բնա-կլիմայական պայմաններով իրենց լքաց հայրենիքին նման վայրերում:  1835 թվականին առաջացավ մոլոկանների Ելենովկա (Սևան) բնակավայրը, 1842-ին Նիկիտինո (Ֆիոլետովո), 1849-ին Վորոնցովկա (Տաշիր), 1847-ին Վոսկրեսենկա (Լերմոնտովո) բնակավայրերը:

  Դիլիջանում բնակչությունը սկսեց ավելանալ 1836 թվականից, երբ հարակից շրջաններից այստեղ վերաբնակվեցին բազմաթիվ ընտանիքներ, որոնց ժառանգները 1936-ին ցանկացան նշել Դիլիջանի 100-ամյակը:
 Շուտով Աղստևի հովտում առաջացած գյուղը դառնում է գավառական կենտրոն, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի և գեղեցիկ բնության: Այստեղ են գալիս ու իրենց հանգիստն անցկացնում մեծահարուստներ, որոնցից մի քանիսն էլ իրեց համար ամառանոցներ են կառուցում:
  Պատկերացնելու համար, թե ինչպիսի զարգացում է ապրում Դիլիջանը, կարելի է ենթադրել այն փաստից,որ արդեն 1843 թ. Դիլիջանի և Քարվանսարայի (Իջևան) միջև գործի է դրվում չորս եռաձի կառքեր:
 1869 թ. սկսվում է Թիֆլիս-Երևան ճանապարհի կառուցումը , որի դիլիջանյան հատվածի կառուցումը ղեկավարել է ինժիներ-ճարտարապետ Գրիգորի Յարալովը, որը Դիլիջանում երկհարկանի, այն ժամանակների համար շքեղ ամառանոց ուներ և որը  շքեղություն էր համարվում: Բացի Յարալովի տնից գավառական քաղաքի համար շքեղություն են եղել Կնյազ Ճավճավաձեյի, իշխանուհի Մաիրամ Թումանյանի, Սամսոն բեկի, հույն Տրիգունովի, Մելիք Փարսադանյանի և այլոց տներ, որոնցից շատերը կանգուն են մնացել:

 Դիլիջանը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20րդ դարի սկզբներին բավականին առաջադիմում է: Երկրագործությունից, անասնապահությունից և սայլապանությունից բացի (սայլապանությամբ հիմնականում զբաղվում էին ռուս մոլկանները), նրա բնակչությունը զբաղվում էր նաև առևտրով ու արհեստներով: Գործում էին վիեննական աթոռների պատրաստման տնայնագործական մի փոքրիկ ձեռնարկություն, հացի փուռ, դարբնոց, սայլաշինական արհեստանոց և սղոցարան: Քաղաքի մոտակայքում գտնվող Տարեկանովի պղնձաձուլական գործարանը, տարեկան արտադրում էր մի քանի հարյուր փութ սև պղինձ:
 1868 թ. Դիլիջանում հիմնվում է առաջին ծխական դպրոցը: 1880 թ. հիմնադրվում է “Գիմնազիա անտառում” ուսումնարանը և նույն ուսումնարանի թատերախումբը:

 1920 թվականին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կազմվեց Դիլիջանի գավառը, որը ՀԽՍՀ-ի 9 գավառներից մեկն էր: Դիլիջանի գավառը բաղկացած էր 5 գավառակներից՝ Բարանա (Նոյեմբերյան), Իջևան, Շամշադին, Կարմիր և Դիլիջան: 01.10.1929 թ. տվյալներով գավառն ուներ 3589 քառակուի մետր տարածք և 78.665 բնակիչ: 1922-23 թթ. հրատարակվել է "Երիտասարդ մաճկալ" գավառական թերթը:Գավառը որպես վարչական միավոր գոյություն է ունեցել մինչև 1930 թվականը, երբ գավառները որպես վարչական միավորներ վերացվեցին և հիմնական միավորներ հաստատվեցին շրջանները: 
 Դիլիջանի վարչական շրջանը, կազմավորվեց 1930 թվականին և գոյություն ունեցավ մինչև 1940-ականների վերջը, երբ այն միացվեց Իջևանի շրջանին:
1938թ.  ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Դիլիջանը համարվեց քաղաք, իսկ 1951 թվականից հանրապետական ենթակայության քաղաք:
1926-1976 թթ. ժամանակահատվածում Դիլիջանի բնակչությունը ավելացավ մի քանի անգամ հասնելով 24.056 մարդու: Բնակչության մեծ մասը կազմում են հայերը, ապա ռուսները, որոնք այստեղ են եկել եվրոպական Ռուսաստանի կենտրոնական մասերից 19-րդ դարի 40-ականներին:
 1995 թվականի նոր վարչա-տերիտորիալ բաժանումով քաղաքը մտավ Տավուշի մարզի մեջ:

 
Back to content | Back to main menu